Պարգև Սրբազանը կոչ է անում սթափվել

Ժամանակն է՝ գթությամբ մոտենալու մեկս մյուսին

Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը տեսաուղերձով է հանդես եկել, որում նախ տեղեկացնում է, որ եկեղեցու բոլոր թեմերը ժամերգություններն ու պատարագները մինչև ամսի 13-ը իրականացնելու են դռնփակ․ 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ Հայաստանում ամեն օր վարակվում են կորոնավիրուսով, և, ցավոք սրտի, Արցախի տարածքում՝ Քաշաթաղում հայտնաբերվեց ևս մեկ վարակակիր, պիտի շատ-շատ զգույշ լինենք, մտածենք մեր ազգի անվտանգության մասին։

Հետևելով ամենայն հայոց կաթողիկոսի՝ Գարեգին 2-րդ-ի հրամանին, որ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում, ներքին թեմերում մինչև ամսի 13-ը ներառյալ առայժմ բոլոր ժամերգություններն ու պատարագները ստիպված ենք անելու դռնփակ, միայն հոգևորականներով, որից հետո եկեղեցու դռները կբացվեն, և հավատացյալները կարող են մտնել, աղոթք անել, մոմ վառել, ոմանք էլ կարող են հոգևորականից սուրբ հաղորդություն ստանալ»,- իր ուղեձում ասում է Պարգև սրբազանը։

Նա խստորեն կոչ է անում սթափվել և գթությամբ մոտենալ միմյանց․

«Եթե դրսում եք կանգնում, գոնե 3 մետր հեռավորությամբ կանգնեք, եթե գաք հոգևորականից հաղորդություն ստանալու, 3-4 մետրի վրա կանգնեք, հանդարտ, տարածություն պահեք, որպեսզի անվտանգության կանոնները մենք պահենք։

Ժամանակն է սթափվել, ամբողջ մարդկային ուժերը ուս-ուսի տված պիտի այս աշխարհն ու ողջ մարդկությունը փրկենք, ժամանակն է՝ գթությամբ մոտենալու մեկս մյուսին, մեկս մյոսին փրկենք, խղճանք ու ավելի շատ աղոթք անենք, ավելի շատ ապաշխարենք, որպեսզի ազգովի դուրս գանք ու մարդկությամբ դուրս գանք այս արհավիրքներից»։