Նավթի արդյունահանումը կկրճատվի օրական տասը միլիոն բարելո՞վ. ՕՊԵԿ-ը տարբերակներ է քննարկում. Bloomberg

Սաուդյան Արաբիան մտադիր էր ավելացնել իր բաժինը շուկայում՝ դուրս թողնելով մրցակիցներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, նավթի արդյունահանման ծավալների կրճատման մի քանի տարբերակների վերլուծություն է պատրաստել ՕՊԵԿ+ երկրների՝ ապրիլի 9-ին կայանալիք նիստի համար։ Դրանցից մեկի համաձայն՝ նավթի արդյունահանումը մինչև տարեվերջ կկրճատվի օրական տասը միլիոն բարելով, tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ իր աղբյուրներին հղումով։

Մյուս տարբերակը նախատեսում է հրաժարում արտադրողների խմբի կողմից արդյունահանման ծավալների կրճատումից: ՕՊԵԿ-ի վերլուծության համաձայն՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում վառելիքի համաշխարհային պահանջարկը կընկնի օրական 11,9 մլն բարելով:

ՕՊԵԿ+-ի՝ նավթի արդյունահանման նոր կրճատման հնարավորության և շուկայում իրադրության կայունացման ֆոնին անցկացվող նիստը, տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով, դրան հաջորդելու Է G20-ի երկրների Էներգետիկայի նախարարների խորհրդակցությունն էներգաշուկաների կայունության հարցի վերաբերյալ:

«ՌԻԱ Նովոստի»-ի իրազեկ աղբյուրը, իր հերթին, հայտնել է, որ ՕՊԵԿ+-ի վերջնական որոշումը կախված կլինի «Մեծ քսանյակի» էներգետիկայի նախարարների հետագա բանակցությունների արդյունքներից:

Հիշեցնենք, որ նավթի գները սկսել են նվազել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, այն հարված է հասցրել նավթի համաշխարհային պահանջարկին: Գներն անկում են գրանցել ՕՊԵԿ+ գործարքի ձախողումից հետո, երբ Ռուսաստանը չի ընդունել առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվել են երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը: Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվել են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը: Ամենածայրահեղն արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան՝ խոստանալով նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 միլիոն բարելով, ինչպես նաև ռեկորդային զեղչ սահմանել վերջին տասնամյակների համար: Այսպիսով՝ թագավորությունը մտադիր էր ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին: