Արցախի նախագահի ընտրությունները հետաձգել մինչև հոկտեմբեր. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին

Կամ թե՝ չեղարկել նախագահի և ԱԺ ընտրությունների խիստ կասկածելի արդյունքները և նշանակել նոր ընտրություններ՝ միջոցներ ձեռնարկելով, որպեսզի այն անցնի առանց ընտրախախտումների

ԲԱՑ  ՆԱՄԱԿ
ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏ  ՊԱՐՈՆ  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ԱՀ  ՆԱԽԱԳԱՀ  ՊԱՐՈՆ  ԲԱԿՈ  ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Ի նկատի ունենալով Արցախի Հանրապետությունում նախագահի և ԱԺ ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը.


1.    Ողջ աշխարհում բռնկված համաճարակի Արցախում տարածումը կանխելու նպատակով նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչով դիմել է, որ հետաձգվի երկրորդ փուլի ընտրությունները: Նախագահի նյուս թեկնածուն՝ Արաիկ Հարությունյանն իր հերթին, նկատի ունենալով վիրուսի տարածման վտանգը, հայտարարել է, որ ինքը համայնքներում հանդիպումներ չի անցկացնելու: Այսինքն, ընտրությունների երկրորդ փուլին հասած երկու թեկնածուները ընդունում են, որ Արցախում ևս համաճարակի տարածման վտանգ կա: Ընտրությունների երկրորդ փուլի անցկացման դեպքում միայն մեկ վարակակիրը կարող է վարակել հազարավոր մարդկանց, որն էլ շղթայական տարածմամբ աղետալի իրավիճակ կստեղծի երկրամասում:
2.    Նախագահի և Ազգային Ժողովի առաջին փուլի ընրություններից հետո Արցախում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: Հանրության մի մասը, նկատի ունենալով բազմաթիվ ընտրախախտումները, բողոք է արտահայտում, պահանջելով ընտրությունների չեղարկումը: Անարդարությունից դժգոհությունը կարող է վերաճել  ավելի զանգվածային ցույցերի, որը անկայուն իրավիճակ կստեղծի հարևան երկրի՝ Ադրբեջանի հետ փաստորեն սուր հակամարտության մեջ գտվող Հայոց երկու պետությունների համար:

Արտահայտելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտավորականության կարծիքը, առաջարկում ենք Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել մինչև սույն թվականի հոկտեմբեր ամիսը, երբ անցած կլինի համաճարակի վտանգը, կամ թե՝ չեղարկել նախագահի և ԱԺ ընտրությունների խիստ կասկածելի արդյունքները և նշանակել նոր ընտրություններ՝ միջոցներ ձեռնարկելով, որպեսզի այն անցնի առանց ընտրախախտումների, իսկ թեկնածուներից ոչ ոք կապված չլինի կոռուպցիայի, այլ հանցանքների հետ:

 

«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՆԱԽԱԳԱՀ
ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ՝                                                  

ԲԱԿՈՒՐ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ