Լուկաշենկոն սպառնացել է լուծարել կառավարությունը, եթե երկրում դիմակների հարցը չլուծվի. lenta.ru

Ես վարչապետին ու կառավարությանը զգուշացրել եմ․ եթե մինչև շաբաթվա վերջ պատասխանատու անձինք ինձ զեկուցեն, որ դեղատներում, խանութներում կամ հիվանդանոցներում ինչ-որ բան չի հերիքում, հատկապես բժիշկների համար, ապա կառավարություն չի լինի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է լուծարել կառավարությունը, եթե հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պայմաններում պաշտպանիչ միջոցների անբավարարության հարցը չլուծվի, գրում է lenta.ru կայքը։

«Ես վարչապետին ու կառավարությանը զգուշացրել եմ․ եթե մինչև շաբաթվա վերջ պատասխանատու անձինք ինձ զեկուցեն, որ դեղատներում, խանութներում կամ հիվանդանոցներում ինչ-որ բան չի հերիքում, հատկապես բժիշկների համար, ապա կառավարություն չի լինի։ Ուրիշները կաշխատեն»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ առողջապահական համակարգի պատրաստվածության մասին զեկույցը լսելուց հետո։

Նա կառավարությանը հանձնարարել է առաջիկա օրերին անհատական պաշտպանիչ միջոցների պակասի խնդիրը լուծել։

«Խայտառակություն է, որ չենք կարողանում ինչ-որ բան անել․․․հասարակ դիմակ չենք կարողանում բնակչության համար կարել: Քայլում են, շարֆերով են ծածկվում (ճիշտ են անում), բայց մենք իսկապե՞ս ի վիճակի չենք դիմակ կարել»,- հարցրել է պետության ղեկավարը:

Ապրիլի 3-ին Բելառուսի առողջապահության փոխնախարար Բորիս Անդրոսյուկը հայտարարել էր, որ Ռուսաստանից ավելի քան 100 000 ռեսպիրատոր դիմակ են պատվիրել, որոնց առաքումները, չնայած բելառուսական կողմի վճարմանը, դեռևս չեն սկսվել։

Ավելի վաղ անանունության պայմանով Բելառուսից բժիշկները պատմել էին երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակի մասին։ Վերջիններս նշում են, որ SARS-CoV-2 վիրուսով վարակվածների և դրանից մահացածների թիվը Բելառուսի կառավարությունը թաքցնում է։ Նրանցից շատերը բողոքում են անհատական պաշտպանիչ միջոցների անբավարարությունից։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 700 մարդ, որից 13-ը՝ մահվան ելքով։