Հայաստանի իշխանությունն իրավիճակի վերլուծություն ընդհանրապես չի կատարում

Իրական նպատակը տարբերվում է հայտարարված, պաշտոնական նպատակից

Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների գոնե արդյուքները մեր իշխանությանը պետք է հուշեին, որ դրանց իրական նպատակը տարբերվում է հայտարարված, պաշտոնական նպատակից, այդ ընտրությունների արդյունքում պատգամավորների մեծ մասը վերընտրվել է:

Ընդ որում, վարչապետի խոսքից հետևում է, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն այս առանձին վերցրած դեպքում չի վերլուծել իրավիճակը, այլ ընդհանրապես: Ուղղակի աբսուրդային է պնդումը, որ այս վերջին 1,5 տարվա ընթացքում առնվազն Ադրբեջանի տեսանկյունից աշխարհում ոչինչ չի փոխվել, բացի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից, այն դեպքում, երբ աշխարհում և տարածաշրջանում անընդհանտ ականատես ենք լինում զարգացումների, որոնք չեն կարող իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունը չունենալ նաև Ադրբեջանի վրա:

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականությունում մի շատ էական բացթողման մասին՝ չի իրականացվում իրավիճակի համակողմանի վերլուծություն, ռիսկերի գնահատում:

Որոշ երկրների դեպքում մենք կարող ենք մեզ թույլ տալ չհետևել, լավ չպատկերացնել այդ երկրներում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ապա Ադրբեջանի պարագայում դա ուղղակի անթույլատրելի է:

Տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար դիմում Հայաստանի և Արցախի հետ սահմաններին լարվածությունը մեծացնելուն:

Այսօր էլ Բաքուն չի հրաժարվել իր այդ ձեռագրից: Ուստի, Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները մեզ համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հայկական երկու պետությունների անվտանգության տեսանկյունից:

Հասմիկ Վարդանյան
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում