ԱԺ աշխատակազմի երկրորդ եռամսյակի պարգևատրման ֆոնդը կուղղվի կորոնավիրուսի վարակի կանխարգելման ֆոնդին

այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար. Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակը գրել է, որ ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը: «Տեղ գտած թերըմբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ»,- նշել է Լենա Նազարյանը: