Իսպանիայի համար արտադրված շնչառական սարքերը Թուրքիան յուրացրել է և որոշել է «պահել սեփական հիվանդների համար». El Mundo

Երբ ինքնաթիռը բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունն այն կանգնեցրել է, իսկ կառավարությունը որոշում է կայացրել այն պահել իր երկրում

Թուրքիան բռնկագրավել է Իսպանիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար գնված հարյուրավոր շնչառական սարքերը, որոնց գումարը վճարել են մի շարք իսպանական համայնքներ:

Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան ուրբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մանրամասնում է tert.am-ը: Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սարքերը «պահել սեփական հիվանդների համար»:

Իսպանացի նախարարը պարզաբանել է, որ թուրքական կառավարությունն օրեր առաջ սանիտարական նշանակության ապրանքների արտահանման արգելքներ է սահմանել՝ «իրենց իսկ առողջապահության համակարգը անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար»:

Խնդիրն այն է, որ վերոնշյալ սարքավորումներն արտադրվել են Թուրքիայի տարածքում՝ իսպանական ընկերության պատվերով, որը անհրաժեշտ բաղադրամասերը բերել է Չինաստանից:

Երբ ինքնաթիռը բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունն այն կանգնեցրել է, իսկ կառավարությունը որոշում է կայացրել այն պահել իր երկրում:

Նշվում է, որ Իսպանիայի ԱԳ նախարարն ու առողջապահության նախարար Սալվադոր Իլյան այս շաբաթ մի քանի անգամ փորձել են հարցը կարգավորել իրենց թուրք պաշտոնակիցների հետ, սակայն ապարդյուն: