Վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան, որը կորոնավիրուսի կասկածով քաղաքացու էր տեղափոխում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վիրավոր այդ քաղաքացուն առաջինը օգնության է հասել մեկ այլ քաղաքացի
Live24.am-ը ներկայացնում է

Երեկ՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում Shamshyan.com-ը։

Ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Էդգար Հ․-ի վարած «Ջին Բեյ» և Երևանի բնակիչ, 23-ամյա Գրիգոր Ա․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Մ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր, 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է «Աշտարակ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, և բժիշկները կորոնավիրուսի կասկածանքով քաղաքացու էին տեղափոխում հիվանդանոց, իսկ վիրավոր այդ քաղաքացուն առաջինը օգնության է հասել մեկ այլ քաղաքացի։

Նրան խնդրել են, որ ստուգման նպատակով նույնպես տեղափոխվի  հիվանդանոց, սակայն չի հաջողվել  պարզել՝ տեղախոխվեց հետազոտման, թե ոչ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի։