Աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. վարչապետ

Երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների մշակումն է և կապիտալ ծախսերի խթանումը

Այս պահին աշխարհում կա կորոնավիրուսի 1,119,000 հաստատված դեպք, արձանգրվել է 59,245 մահ և 229,338 մարդ առողջացել է, Հայաստանում ևս շարունակվում է նոր դեպքերը և այս պահին կա 770 դրական ախտորոշված դեպք, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Այս մասին կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ Կառավարությունում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշում կայացնելն է»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը հակաճգնաժամային 9 միջոցառումների ծրագիր է ընդունել, որոնցից հինգը սոցիալական բնույթի են: «Բայց մենք հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ և չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն այս պայմաններում աջակցության կարիք»,- ասաց նա և նշեց, որ Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր կենտրոնանում են աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, երբ դա հնարավոր կլինի: «Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով ախատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա և նշեց, որ այդ գործիքը, որով կարող են խթանել դա, կապիտալ ծախսեի արդյունավետ իրականացումն է և ծավալների մեծացումը:

«Այսօր Կառավարության աշխատանքը երկու հիմնական մասի է բաժանվել, առաջին մասը պարետատան գործունեությունն է, որի առաջ երբեմն իրար հակասող խնդիր է դրված, առաջին՝ վարակի տարածումը կանխելը և երկրորդը՝ օր առաջ պայմաններ ստեղծել, որ հիմնարկներ, ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշախտել և ավելի շատ տնտեսական դաշտ բացվի»,- ասաց նա և նշեց, որ սա բավականին բարդ խնդիր է:

Վարչապետը նշեց, որ երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների մշակումն է և կապիտալ ծախսերի խթանումը: «Հայաստանում միշտ խրոնիկ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել  բայց նոր իրավիճակում համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը առանձնահատուկ նշանակություն է ստանում»,- ասաց նա: Նրա գնահատմամբ՝ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն:

«Մենք սկսում ենք քննարկել մեր վարկային ծրագրերի կատարման ընթացքը, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 1 միլիարդ 300 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և ամեն ինչ պետք է անենք, որ այդ ծախսերը լինեն արդյունավետ»,- ասաց նա: