«Հրապարակի»-ը գրում է․ Այսօր առավոտյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ են եղել, որոնք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրանցից մի քանիսի հետ: «Երեկ մարդիկ ավելի շատ էին, հիմա մնացել է մոտ 18-19 մարդ», - մեզ հայտնեց մեր հայրենակիցներից մեկը, որը պետք է ապրիլի 2-ին վերադառնար Երևան:
Նա «Հրապարակի» համար նկարահանել է, թե ինչպես են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանատան աշխատակիցները այցելել «Դոմոդեդովո», խոսել մարդկանց հետ, սնունդ, դիմակներ ու այլ պարագաներ բաժանել օդանավակայանում մնացածներին:
«Իհարկե, մենք շնորհակալ ենք, բայց մենք սպասում ենք, որ ինքնաթիռ լինի, խոստացել են, որ կլինի, իսկ քանի դեռ ինքնաթիռ չկա, մեր վիճակն անորոշ է», - ասաց մեր հայրենակիցը:
Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ին նախատեսված Մոսկվա-Երեւան չվերթի ուղևորները այդ չվերթի չեղարկման հետևանքով չեն կարողացել վերադառնալ Հայաստան և մնացել են «Դոմոդեդովոյում»: Նրանք չունեին սնունդ, գումար և դժգոհում էին իշխանությունների անտարբերությունից:
Երեկ ԱԳՆ-ն հայտնել էր, որ երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանն են տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ֆեյսբուքյան էջի միջոցով հաղորդեց, որ դեսպանատան աշխատակիցները երեկ ողջ օրվա ընթացքում կապի մեջ են եղել ՀՀ քաղաքացիների հետ: «Նրանց մեծ մասը հեռացել է օդանավակայանի տարածքից և գտնվում է հարազատների տներում», - երեկ հաղորդեց դեսպանատունը:
ԱԳՆ-ից փորձեցինք տեղեկանալ, թե երբ է լինելու ինքնաթիռը և քանի քաղաքացի է մնացել օդանավակայանում: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ առանձին ԶԼՄ-ների հարցումներին չեն պատասխանելու ու հորդորեց հետևել ԱԳՆ և դեսպանատան պաշտոնական էջերին:
Օրվա վերջում ԱԳՆ-ն հայտնեց, որ ՌԴ֊ում ՀՀ դեսպանությունը այցելել են դեսպանության աշխատակիցները,տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: «Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում», - ասված է հաղորդագրության մեջ։ Երբ կլինի ինքնաթիռ և արդյոք կառավարությունը բանակցում է այս ուղղությամբ, չի հաղորդվում:
0Comments