«Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա մեր կորցրածը 400 հեկտարից էլ քիչ տարածք էր». Սերժ Սարգսյան

«Ցավոք սրտի, շատ լրատվամիջոցներ, անհատներ, ովքեր սնվում էին տարբեր գրանտներով, սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականության մեջ այդպիսի բան չկար». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում, խոսելով ադրբեջանական զինուժի նպատակների մասին, նշեց, որ նրանք հույս ունեին շատ տարածքներ գրավել միանգամից, որից հետո, ըստ իրենց տրամաբանության, ինքը պետք է վերցներ հեռախոսն ու համանախագահներին խնդրեր փրկել մեզ ադրբեջանցիներից:

«Եվ բնական է, որ այդ պարագաներում մենք արդեն բանակցային գործընթացում ամբողջովին տանուլ տված կլինեինք, բայց, ինչպես տեսանք, մեր Զինված ուժերը կարողացան կատարել իրենց հիմնական խնդիրը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

«Ցավոք սրտի, շատ լրատվամիջոցներ, անհատներ, ովքեր սնվում էին տարբեր գրանտներով, սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականության մեջ այդպիսի բան չկար»,- ասաց Հանրապետության Երրորդ նախագահը:

Խոսելով կորցրած 800 հա տարածքի մասին` Սերժ Սարգսյանը հիշում է, որ տարածքների կորստի մասին ինքն է առաջինը խոսել Վիեննայից վերադարձի ճանապարհին:

«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ դրա համար չեմ ափսոսում: Այո, ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ես ինչո՞ւ եմ այդպես ասել: Եթե հիշում եք, մարտական գործողությունների օրերին, այսպես ասած, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում էին այն մասին, որ Թալիշը գրավել են ադրբեջանցիները: Նրանք արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Նույնիսկ ոմանք ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ էին անում, և դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել են չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականության մեջ մենք կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը: