Սա գիտակցված ընտրություն էր. «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմը՝ Ապրիլյան հերոսական պատերազմի մասին

Մենք մարտնչում էինք հանուն խաղաղության, հանուն համամարդկային արժեքների

Մենք մարտնչում էինք հանուն խաղաղության, հանուն համամարդկային արժեքների։ Սա գիտակցված ընտրություն էր։ Այս մասին Հարություն Հարությունյանի՝ Ապրիլյան հերոսական պատերազմին նվիրված՝ «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

Իր հիշողություններն այդ օրերի մասին ներկայացրեց նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես այդ օրերին գտնվում էի ԱՄՆ-ում՝ Ատոմային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Գագաթնաժողովի ընթացքում հանդիպումներ ունեցա ԱՄՆ փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերրիի հետ, որի ընթացքում քննարկում էինք Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցեր։ Գագաթնաժողովի ավարտից հետո զանգահարեցի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ նրան տեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին»,- ասաց Սերժ Սարգսյանը, ինչը հաստատեց նաև Բակո Սահակյանը` նշելով, որ մշտապես իրենց տեղեկացրել են բանակցությունների ընթացքի մասին։

Բակո Սահակյանը հիշում է, որ դրանից ժամեր հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողությունները։

ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի խոսքով էլ՝ մինչ այդ հետախուզական-դիվերսիոն գործողություններն այնքան հաճախ էին տեղի ունենում, որ դա սովորական բանակային կյանքի մի մաս էր։

«Ցուցումներ տրվեցին։ ՊԲ հրամանատարն իր ցուցմումները տվեց։ …Գիշերը տանն էի։ Ինձ զանգահարեց օպերատիվ կառավարման ղեկավարը, զեկուցեց, որ Ղարաբաղից ինֆորմացիա է ստացել, որ ռազմաճակատի ողջ երկայնքով հակառակորդի դիվերսիոն խմբերը լայնածավալ գործողություններ են սկսել։ Մարտեր են ընթանում։ Ես ծառայողական մեքենաս չկանչեցի, արագ հայտնվեցի ու իմ սեփական մեքենայով 15-18 րոպե անց արդեն իմ կաբինետում էի»,- հիշում է գեներալ Խաչատուրովը` նկատելով, որ առաջիններից մեկն է եկել նախարարությունում, եթե ոչ առաջինը։

Շարունակելով` Յուրի Խաչատուրովը պատմում է, որ օպերատիվ կառավարման ղեկավարին հանդիպել է աստիճանների վրա ու հրահանգել բոլորին հավաքվել։

Ապրիլյան պատերազմի օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիշում է, որ զանգ է ստացել գլխավոր շտաբի պետից։

«Գաղտնի խոսակցական աղյուսակի միջոցով գլխավոր շտաբի պետը ինձ բացատրեց իրադրությունը։ Միանգամից գնացի այն վայրը, որտեղ գտնվում էր Զինված ուժերի ղեկավարությունը, և գլխավոր շտաբի պետը, որն ավելի վաղ արդեն գտնվում էր մարտական կառավարման կենտրոնում, ղեկավարում էր այդ գործողությունները, ինձ զեկուցեց իրադրության մասին»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա հավելում է, որ կապավորների միջոցով փորձել է կապ հաստատել Հանրապետության նախագահի հետ, որը գտնվում էր Հանրապետությունից դուրս։

«Ինձ ասացին, որ ինքն ինքնաթիռի մեջ է»,- նշեց նախկին պաշտպանության նախարարը։

Այդ ժամանակն է հիշում նաև Հանրապետության 3-րդ նախագահը։

«Փառք Աստծո, արդեն 2016թ. հնարավոր էր նաև ինքնաթիռից հեռախոսազրույց ունենալ։ Ինձ զեկուցեցին, որ ադրբեջանցիները ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի բանակի հյուսիսային և հարավային հատվածներում, որը միտում ունի վերածվելու լայնածավալ ռազմական գործողությունների։ Լևոն Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ արդեն գործողության մեջ է դրել պաշտպանական օպերացիայի պլանը»,- նշեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ այդ պահից սկսած` ինքը պարբերաբար տեղեկություններ էր ստանում, այդ թվում նաև ԼՂ նախագահ Բակո Սահակյանից և ՊԲ հրամանատար, գեներալ Մնացականյանից։

Լևոն Մնացականյանի խոսքեվ` ինքը ապրիլի 1-2-ի գիշերը եղել է նախագահ Բակո Սահակյանի կաբինետում։