Հսկիչ անցակետեր կգործեն Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ. մարզպետ. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ եւ անհրաժեշտ այլ գործողություններ

Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ այսօր՝ 14։00-ից գործելու են հսկիչ անցակետեր։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ինստագրամյան էջից։

«Այսօր, ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սեւան - Երեւան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաեւ սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր:

Հսկիչ կետերում, միջմարզային եւ միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի եւ առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:

Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ եւ անհրաժեշտ այլ գործողություններ:

Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու եւ բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի»,- գրել է նա։