Ապրելու եմ Արցախում և օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն

Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 13:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ կնոջ Անահիտ Սահակյանի հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Բ. Սահակյանն ասել է, որ ինքը նպատակ ունի մնալու Արցախում և իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինելու մեր հայրենիքին:

Այն հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Բ. Սահակյանը պատասխանել է, որ Արցախը հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելիություն:

«Համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն: Այս տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանի՝ էլ ավելի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամ դրաձնելուն:

Արցախի յուրահատուկ պատկանելիությունը կայանում է նրանում, որ Արցախը հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին, և այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված էինք արցախցիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով, ֆիզիկական անվտանգությունը ապահովելով:

Գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը, և շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ապրող ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակներում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողվրդի արժանապատվությունը բարձր պահելու համար:

Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,-մասնավորապես ասել է Բ. Սահակյանը:

ԱՀ նախագահի խոսքով՝ այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, կատարվել է հավաքական ներուժի միջոցով: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այդ հաջողությունները արձանագրելու գործում:

«Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- ավելացրել է ԱՀ նախագահը:

ArtsakhPress.am