Որքանո՞վ են անաչառ Հայաստանից եկած դիտորդները․ թեժ վեճ Արցախի նախագահի ընտրություններից առաջ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն վարչապետի աշխատակազմի մրցույթի արդյունքում ստացել էին դրամաշնորհ՝ Արցախի ընտրություններում որպես անկախ դիտորդներ հանդես գալու համար

Մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրություններ են: Ինչպես հայտնի է, թեկնածուները 14-ն են, առավել անցողիկ են համարվում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Դիտորդական առաքելություն իրականացնելու եւ ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել է 963 դիտորդ եւ ԶԼՄ 231 ներկայացուցիչ։ «Հրավեր ստացած 38 երկրից 140 դիտորդներ եւ 40 ԶԼՄ ներկայացուցիչ կորոնավիրուսի առաջացրած խնդիրների պատճառով հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրություններին»,- մարտի 30-ի ասուլիսում նշել է Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Մարտի 30-ին «Ականատես» դիտորդական կազմակերպությունը, որը հիմնել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն, հայտարարեց, որ չի մասնակցելու դիտարկմանը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն վարչապետի աշխատակազմի մրցույթի արդյունքում ստացել էին դրամաշնորհ՝ Արցախի ընտրություններում որպես անկախ դիտորդներ հանդես գալու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիտարկմանը մասնակցելու է: Այս կազմակերպությունը տարիներ շարունակ ֆինանսավորվել է «Սորոսի» ֆոնդից, Արցախի եւ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ ցավոտ են ընդունում այս առաքելությունն Արցախում: Ցավոտ ընդունեցին նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն համակարգող Դանիել Իոաննիսյանի մի շարք հայտարարությունները, այդ թվում՝ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ, դրանք ընկալելով որպես քաղաքական հայտարարություններ: 

Իոաննիսյանը վերջին օրերին ակտիվորեն հակադրվում էր Արցախի նախագահի թեկնածուներ Դավիթ Բաբայանին, Արայիկ Հարությունյանին, այլոց, որոնք հանդես էին գալիս ընտրություններն արագ «անել-պրծնելու» կոչերով: Մարտի 26-ին, երբ ՀՀ-ում մոտ 290 վարակման դեպք արձանագրվեց, ու մեկ քաղաքացի մահացավ, Իոաննիսյանը հայտարարեց, որ սա «նորմալ նախընտրական միջավայր չէ», ու պետք է հետաձգել ընտրությունները: Արցախում ու Հայաստանում քաղաքական շրջանակներն այս մտահոգության պատճառը համարեցին ոչ թե կորոնավիրուսի տարածման վտանգը, այլ սոցհարցումների արդյունքները, ըստ որոնց՝ արեւմտամետ ու «սորոսական» համարում ունեցող Մասիս Մայիլյանը (նա 2014 թ.-ից «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է) ընտրվելու նվազ շանսեր ունի: 

Վերջինիս գլխավոր հակառակորդ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքը հայտարարեց, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող «որոշ կազմակերպություններ» հրապարակայնորեն հանդես են գալիս արտակարգ դրություն մտցնելու՝ ընտրությունները չեղարկելու կամ դրանք պարտադիր անցկացնելու հայտարարություններով: «Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի` դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որեւէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսեւորել իշխանության կամ ընդդիմության, հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որեւէ հարցի նկատմամբ: Կոչ ենք անում դիտորդական առաքելություն իրականացնող այդ կազմակերպություններին՝ պահպանել վերոնշյալ օրենքի պահանջները եւ իրականացնել օրենքով իրենց վերապահված գործառույթները»,- ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։ 

Իր ֆեյսբուքյան գրառումներում Իոաննիսյանն ակնհայտ փորձ արեց՝ գնահատել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին, գրելով. «Արցախի նախագահի թեկնածուներից մեկին սատարող PR թիմը (անունը կտամ ընտրություններից հետո, կապված է ՀՀ հայտնի քաղաքական շրջանակների հետ) բացահայտ հակապետական գործունեություն է ծավալել»: Ում նկատի ուներ Իոաննիսյանը, նա չհայտնեց: Բայց անկախ նրանից, թե ում է վերաբերում, սա արդեն քաղաքական հայտարարություն է: 

Հայաստանից եկած դիտորդները, Ձեր կարծիքով, որքանո՞վ են անաչառ: Այս հարցին պատասխանելով, Արցախի պահպանողական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Դա ցույց կտա ընթացքը: Իհարկե, տեսականորեն նրանք պետք է լինեն անկախ ու անաչառ, բայց թե գործնականում ինչպես կվարվեն, ցույց կտա ժամանակը: Մենք շահագրգռված ենք, որ լինեն անաչառ ու օբյեկտիվ գնահատեն ընտրությունները, եթե կան առաջարկներ, դրանք օգտագործենք, որ ունենանք ավելի լավ ընտրական համակարգ, իսկ դրա համար պետք է, որ դիտորդները լինեն անկախ ու անաչառ»: Դանիել Իոաննիսյանի կոչը՝ ընտրությունը հետաձգելու մասին, Ձեր կարծիքով, քաղաքական միջամտությո՞ւն էր: «Չեմ ուզում որակավորել: Տարբեր մարդիկ տարբեր բաներ կարող են ասել, առաջնահերթն առողջապահական խնդիրներն են այստեղ, եւ ես չեմ սիրում, երբ որ շահարկում են կորոնավիրուսի հետ կապված հարցերը: Ուզում եմ վստահ լինել, որ մեր հայրենակիցները մայր Հայաստանից ու սփյուռքից երբ որ ասում են՝ հետաձգեք, առողջապահական խնդիրների մասին են մտածում: Բայց Արցախում էլ կան ուժեր, որոնք քաղաքական առումով շահարկում են դա, ինչը զզվելի է»: 

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը մեր հարցին պատասխանեց. «Եթե իրենք կոչվում են անկախ, համարենք՝ հարաբերական անկախ են: Ընթացքը ցույց կտա: Ասել են, որ անկախ են»: Նա եւս կարծում է, որ ճիշտն ընտրությունները հետաձգելն էր: Նա առաջիններից էր առաջարկել Արցախի նախագահին՝ հետաձգել ընտրությունները, որովհետեւ կորոնավիրուսի պատճառով մարդիկ կարող են ընդհանրապես չգնալ ընտրության: Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հրաժարվեց հարցերին պատասխանել, ասելով, որ տվյալ օրը մեկնաբանություններ չի տալիս:

Եվ այսպես, ի՞նչ են ասում հարցումները: Առավել ընդգրկուն է եղել «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցումը, որն արվել է բոլոր գյուղերում ու քաղաքներում, բնակչության ամենատարբեր շերտերում ու տարիքային խմբերում: Այս մասին հայտնեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այդ հարցման արդյունքում ամենամեծ ընտրազանգվածը, որն արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը, ունի «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

«Ըստ մեր հարցման արդյունքների, Արցախում ընտրողների, երեւի, 70 տոկոսն է մտադրված մասնակցելու եւ 85 տոկոսն ընդամենը հետեւում է։ Մասնակցելու որոշում է կայացրել ընդամենը 35 տոկոսը: Մոտ 17 տոկոսը որոշել է, թե ում է ընտրելու, բայց նշում է, որ դա գաղտնի է, իսկ մնացածը դեռ որոշում չեն կայացրել: Մասնակցելու որոշում կայացրածների կեսից ավելին ձայները տալու է Արայիկ Հարությունյանին, հետո գալիս է Մասիս Մայիլյանը, հետո՝ Վիտալի Բալասանյանը, հետո՝ Աշոտ Ղուլյանը: Եթե հրաշք չկատարվի, ապա Արայիկ Հարությունյանն առաջին փուլով կհաղթի, այնուամենայնիվ, պայքարը թեժ է լինելու»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը «Հրապարակի» հետ զրույցում: 

Մեր հարցին, թե Վիտալի Բալասանյանն իր հարցումն է անցկացրել, Ձեր հարցումից տարբերվող արդյունքով, Ադիբեկյանը պատասխանեց. «Բալասանյանի հարցումն արվել է փողոցում, դրան մասնակցել է ընդամենը 261 հոգի, դա գիտական հարցման հետ կապ չունի, քանի որ հնարավոր սխալների քանակը քիչ է՝ սկսած 800 հոգուց»: Հիշեցնենք, որ Բալասանյանի անցկացրած հարցման արդյունքներով առաջին հորիզոնականում՝ 31․8%-ով, հայտնվել է ինքը, երկրորդ հորիզոնականում է Արայիկ Հարությունյանը՝ 27․1% տոկոսով, ապա նոր Մասիս Մայիլյանը՝ 16,8 տոկոսով:

Հրապարակ