Արսեն Բաբայանն Ազգային ժողովին կոչ է անում օգնել քաղաքացիներին

Մարդիկ գուցե մեկ կամ երկու շաբաթ էլ դիմանան, բայց հետո կհայտնվեն անելանելի վիճակում
Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

Հարգելի Ազգային ժողով

Հաջորդ արտահերթ կամ հերթական նիստին (հենց հավաքվեք) առաջարկում եմ շատ ավելի կարեւոր հարց քննարկել, քան հանրությանը տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջական վերահսկելի դարձնելու նախագծերն են։

Շատ ավելի կարեւոր է, թե ինչպես օգնել ինքնամեկուսացված մարդկանց, որպեսզի կարողանան դուրս գալ սոցիալական ծայրահեղ ծանր վիճակից, որի պատճառն է դարձել տնտեսվարողներին փակելը։ Շատ ավելի կարեւոր է մտածել, թե ինչպես փոխհատուցել բժիշկների աշխատանքը, որոնք տասնյակ օրերով դադար չունեն։ Էլ ավելի կարեւոր է, թե ինչպես անել, որպեսզի բիզնեսները չսնանկանան։

Մի այդպիսի նախաձեռնություն, որն ակնկալում եմ, որ կքննարկեք ԱԺ հաջորդ հավաքին։

ԱԺ-ն ավելի քան մեկ միլիոն դոլարի գործուղումների, ներկայացուցչական եւ այլ ծախսերի բյուջե ունի, որն այս տարի գրեթե չի կարողանալու օգտագործել; Ավելին, նույնիսկ այս տարի պետք էլ չէ օգտագործել, քանի որ շատ ավելի կարեւոր խնդիրներ ունենք պետության ներսում, քան պատգամավորների գործուղումներն են։

Հնարավորինս արագ հավաքվեք ու որոշեք, որ մեկ միլիոն դոլարն ուղղում եք սոցիալական խնդիրների լուծմանը, որոնց մասին վերեւում արդեն հիշատակեցի։

Մարդիկ գուցե մեկ կամ երկու շաբաթ էլ դիմանան, բայց հետո կհայտնվեն անելանելի վիճակում։ Իսկ դա նշանակում է, որ հնարավորինս արագ անհրաժեշտ է այդ գումարը, որ հիմա քնած է ԱԺ գործուղումների, ներկայացուցչական եւ այլ ծախսերի հաշիվներում, հատկացնել այդ մարդկանց։

Մեկ այլ առաջարկ էլ, որ հնարավոր է շատ արագ լուծել։ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորները, իրենց աշխատավարձից բացի, ամսական ստանում են լրացուցիչ 50 հազարական դրամ՝ պատգամավորական գործունեություն իրականացնելու համար։ Այդ գործունեությունը ենթադրում է այցելություններ մարզեր, հանդիպումներ ընտրողների հետ։ Հիմա այդ հանդիպումներն ու այցելությունները չեն կարող տեղի ունենալ, իսկ դա նշանակում է, որ առնվազն 132 ընտանիքի մինչեւ տարեվերջ կարելի է ամեն ամիս 50 հազարական դրամների աջակցություն ցուցաբերել, ինչը շատ ավելի մեծ օգնություն է այդ ընտանիքներին, քան կարող եք պատկերացնել։

Հարգելի պատգամավորներ (հատկապես իմքայլական) ես հասկանում եմ, որ արդեն մեկ տարի է դուք ձեր գլխում հաղթահարել եք աղքատությունը, բայց սովորական ժողովուրդի մոտ դեռ ոչինչ չի փոխվել, իսկ հիմա՝ բազմաթիվ անգամ վատացել է։