Ստուգել հյուրանոցներում ու հիվանդանոցներում անձանց պահելու հիմքերի ապահովումը․ փաստահավաք խմբի կոչը՝ ՄԻՊ-ին

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել այն մասին, որ խմբի նախկին դիտարկումներն այն մասին, որ հյուրանոցներն ու հիվանդանոցները, որտեղ մեկուսացնում են վարակված անձանց, հանդիսանում են ազատազրկման վայրեր և հարկավոր է սահմանել առնվազն դատախազական հսկողություն, անտեսվել են պարետատան և դատախազության կողմից։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացվում է վարակված անձանց մեկուսացում տարբեր հյուրանոցներում և հիվանդանոցներում:

Նախկինում մեր արած հայտարարության մեջ արդեն նշվել է, որ նմանատիպ հիմնարկներն, ըստ էության, հանդիսանում են ազատազրկման վայրեր: Սա նշանակում է, որ այդ վայրերում անձանց պահելու մասով անհրաժեշտ է սահմանել առնվազն դատախազական հսկողություն:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի այդ դիտարկումն անտեսվել է թե՛ պարետատան, թե՛ դատախազության կողմից:

Գտնում ենք, որ փաստացի ազատազրկված (մեկուսացված) անձանց իրավունքների անհարկի սահմանափակումներից և խախտումներից խուսափելու համար անհրաժեշտ է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը՝ համապատասխան հսկողություն իրականացնելու եղանակով:

Մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում ստուգել նշված ազատազրկման վայրերում անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, ժամանակին ազատ արձակման և բողոքարկման իրավունքի ապահովումը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին»։