Ի գիտություն. Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածներին չեն հերձի՞

Գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ
a

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Խոսքը մասնավորապես վերաբերում է կորոնավիրուսի պատճառով մահացածներին հերձելուն:

Նախագծում մասնավորապես ասված է.

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2019թ. դեկտեմբեր ամսից սկսած Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակ, որի հետեւանքով ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի հետ կապված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» եւ հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար:

Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է, ըստ բժշկական փաստաթղթերի,  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:

2.Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում՝ կանխելով հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի: