Ինչու եմ հրաժարվել հեռուստաբանավեճից․ Մասիս Մայիլյան

Մայիլյանի պարզաբանումը թեկնածուների բանավեճից հրաժարվելու մասին

Մասիս Մայիլյանի պարզաբանումը Արցախի հանրային հեռուստատեսությամբ կազմակերպվող թեկնածուների բանավեճից հրաժարվելու մասին․

«Այս գրառմամբ մեր հարգելի հայրենակիցներին ուզում եմ պարզաբանել, թե ինչու եմ հրաժարվել հեռուստաբանավեճից։

Իմ պաշտոնական և հանրային գործունեության ընթացքում միշտ էլ նախընտրել եմ հանրային բանավեճերին մասնակցել և ըստ ամենայնի խրախուսել եմ մտքերի փոխանակությունը, նախապես ինձնից կախվածն անելով բանավեճի համար առողջ ու անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու համար։

Ըստ իս, հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և դժվար թե նպաստի թեկնածուների դավանած սկզբունքների ու ծրագրային դրույթների առավելս հանրայնացմանը, ինչը, ըստ էության, պետք է լինի նման բանավեճի նպատակը։

Արմատական բարեփոխումների մեր հայեցակարգն այս դժվարին պայմաններում հնարավորինս ներկայացվել է ընտրողներին, հուսով եմ՝ նույնը հասցրել են անել մյուս թեկնածուները։

Ինքս հարցեր չունեմ մյուս թեկնածուներին և հուսով եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովուրդը բոլոր թեկնածուներից կարողացել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իսկ մեր հարցերի ու ակնկալիքների պատասխանը հենց ժողովուրդն է տալու՝ մարտի 31-ին իր քվեարկությամբ։

Բոլորին կոչ եմ անում իրենցից կախվածն անել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման համար»։