COVID-19 վիրուսով հոսպիտալացված պացիենտների 20 %-ի մոտ գիտնականները հայտնաբերել են սրտամկանի վնասվասքի նշաններ՝ պաթոլոգիա, որը կարող է մահվան ռիսկի լրացուցիչ գործոն լինել։ Գիտնականները ենթադրում են, որ վիրուսը կարող է սրտի վրա ուղղակի վնասող ազդեցություն ունենալ։ Այս մասին, ըստ news.am-ի, ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Cardiology ամսագրում։
Միոկարդի (սրտամկանի) վնասումը կարող է տեղի ունենալ, օրինակ, դրա բորբոքման (միոկարդիտի) կամ ինֆարկտի (արյան շրջանառության խախտման հետեւանքով նրա մի մասի մահանալու) դեպքում։ Որոշ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում նույնպես սիրտը կարող է տուժել։
Նոր հետազոտության հեղինակները 2020թ փետրվարին Ուհանի համալսարանի «Ռենմին» հիվանդանոցում ուսումնասիրել են նոր կորոնավիրուսով 416 պացիենտների։ Նրանցից 82-ի (19,7 %) մոտ գտնվել են միոկարդի վնասվածքներ։ Գիտնականները դրանք հայտնաբերել են հատուկ թեսթերի միջոցով, որոնք որոշում են արյան մեջ տրոպոնինի սպիտակուցի մակարդակը։
Ուսումնասիրությունների ընթացքում մահացել է սրտի վնասվածքով 42 (51,2 %) եւ առանց նման վնասվածքների 15 (4,5 %) պացիենտ։ Այսպիսով, միոկարդի վնասվածքը կարելի է համարել COVID-19-ի դեպքում մահվան բարձր ռիսկի ցուցանիշ։ Միոկարդի վնասվածքով պացիենտների մոտ մահվան ռիսկը 4 անգամ ավելի բարձր է եղել, նույնիսկ տարիքի գործոնը հաշվի չառնելով։
Գիտնականները ենթադրում են, որ նոր կորոնավիրուսը կարող է ուղղակի վնասող ազդեցություն ունենալ միոկարդի վրա։ Այս վիրուսը ներթափանցում է օրգանիզմ՝ կապվելով անգիոտենզին ռեցեպտորի հետ, որը շնչառական համակարգի բջիջներում վերածվում է ֆերմենտի։ Սակայն սրտամկանում նույնպես կան այդպիսի ռեցեպտորներ, այդ պատճառով, հնարավոր է, դա կարող է բացատրել, թե ինչպես է վիրուսը վնասում սիրտը։
0Comments