Շեշտակի բարձրացել են մի շարք ապրանքների գները. մանրամասներ

Այն մակարոնեղենը, որ մինչ այժմ կարելի էր գնել 300-330 դրամով՝ հիմա գները հասնում են 400-450 դրամի, ամենաշեշտակի աճը, սակայն հնդկաձավարի գներն են արձանագրել

Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը մի քանի օր առաջ էր հայտարարում, որ Հայաստանում նպարեղենի մասով էական թանկացումներ չեն եղել, այդուհանդերձ, այսօր արդեն գների էական բարձրացումներ են եղել։ Մասնավորապես, բարձրացել է մակարոնեղենի գինը։

Այն մակարոնեղենը, որ մինչ այժմ կարելի էր գնել 300-330 դրամով՝ հիմա գները հասնում են 400-450 դրամի։ Ամենաշեշտակի աճը, սակայն հնդկաձավարի գներն են արձանագրել։

Եթե մինչ այժմ երևանյան սուպերմարկետներից այն կարելի էր գնել 300 դրամով, ապա երեկ խոշոր սուպերմարկետներից մեկում այն վաճառվում էր 550 դրամով, այսօր այդ նույն խանութում այլևս հնդկաձավար չկար։ Հարևանությամբ գտնվող խանութից նույն հն հնդկաձավարը կարելի էր գնել 950 դրամով։ Հատկանշական է, որ ալյուրի և շաքարավազի գները որևէ փոփոխության չեն ենթարկվել։ 

Բարձրացել նաև կաթնամթերքի գները։ Եթե մինչ այժմ թթվասերը կարելի էր գնել 500 դրամով, ապա հիմա այն վաճառակետերում դրված է 555 դրամով։ 490 դրամ արժողությամբ մածունի գինը հիմա հասնում է 530-ի։
Բարձրացել են նաև ցիտրուսային մրգերի գները։

Լիմոնը, որ մինչ այժմ վաճառվում էր 150-200 դրամով տարբեր վաճառակետերից կարելի է գնել 260-350 դրամով, նարինջի գինը 450-500-ից հասել է 650- 800 դրամի, կիվիի գինը 700֊ 800-ից տարբեր վաճառակետերում հասել է 1400-1650 դրամի։
Ռեկորդակիրն այս առումով սակայն իմբիրն է, այն բանից հետո, որ տեղեկատվություն տարածվեց թե իբր իմբիրը բուժում է կորոնավիրուսը՝ այդ մթերքի գինը 1000 դրամից հասավ 3000 դրամի, որոշ վաճառակետերում գին անգամ հասնում է 5000 դրամի։

Հասկանալի է, որ այս ապրանքատեսակների շուկաների մեծ մասը ոչ մենաշնորհային, ոչ էլ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ են, այդուհանդերձ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թերևս անելիք ունի, եթե գները նախկին մակարդակին չբերելու առումով, ապա գոնե հիմնավորելու, թե ինչով են պայմանավորված նման բարձրացումները։

Նյութի աղբյուրը՝ armdaily.am