Սմարթֆոնի համար ստեղծված ձևաթղթի հավելվածը հավասարազոր է թղթե ձևաթղթին, բոլոր ոստիկանները տեղեկացված են այդ մասին. փոխոստիկանապետ

Հայկ Մհրյանը չբացառեց քաղաքի ծայրամասերում քաղաքացիների կուտակումների հնարավորությունը, միևնույն ժամանակ հորդորեց՝ ըմբռնումով մոտենալ, քանի որ ոստիկանների քանակն անսահմանափակ չէ

«Մարտի 26-ից ՀՀ և ԼՂՀ սահմանը 4 վայրերում փակվել է՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված». Այսօր հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պարզաբանելով, թե մարտի 26-ից հետո ովքեր կարող են Արցախ գնալ:

«Արցախի Հանրապետություն մարտի 26-ից կարող են գնալ այն անձինք, որոնք ԱՀ-ում ունեն հաշվառում, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այսինքն՝ բեռնատարները՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար  մեքենաները՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում, Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները, ՊԲ-ն սնուցող, մատակարարող բոլոր գործառույթներն իրականացնող կազմակերպությունները»,- ասաց Հայկ Մհրյանը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ մարտի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ՝ ինքնամեկուսացման պայմանները խախտած 1889 քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության, 1843 դեպքով ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից (2-ից ավելի ուղևոր լինելու դեպքում), իսկ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի՝ պարետի որոշմամբ սահմանված կարգից ավելի ուղևոր տեղափոխելու համար:

Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ դեռևս հստակեցված չէ, թե ընդհանուր առմամբ տուգանքի գումարային ինչ թվի մասին է խոսքը, քանի որ կազմված արձանագրությունների հիմքով դեռևս պետք է վարչական վարույթ կազմվի, ապա նոր կարգի համաձայն՝ գանձվի տուգանքը:

Հայկ Մհրյանը նաև տեղեկացրեց, որ սմարթֆոնի համար ստեղծված ձևաթղթի հավելվածը հավասարազոր է թղթե ձևաթղթին, այն կարող է կիրառվել թղթային տարբերակի փոխարեն, և բոլոր ոստիկաններն այդ մասին տեղեկացված են, վստահեցրեց փոխոստիկանապետը:

Նա նաև  չբացառեց քաղաքի ծայրամասերում քաղաքացիների կուտակումների հնարավորությունը, միևնույն ժամանակ հորդորեց՝ ըմբռնումով մոտենալ, քանի որ  ոստիկանների քանակն անսահմանափակ չէ, և փոխոստիկանապետի խոսքով՝ ոստիկանությունը հնարավորության դեպքում փորձում է գործընթացն ավելի կառավարելի պահել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխոստիկանապետը նաև վստահեցրեց, որ ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա: