Ռուս հաղորդավարուհի, լրագրող Քսենիա Սոբչակն իր Telegram-ալիքում պատմել է, որ կորոնավիրուսով վարակված երգիչ Լև Լեշչենկոն ներկա է եղել պրոդյուսեր Իգոր Կրուտոյի քրոջ ծննդյան օրվա հանդիսությանը։
«Շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում իրարանցում է սկսվել»,- tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է Սոբչակը:
Նշվում է, որ միջոցառմանը ներկա է եղել նաև կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը, որին մարտի 26-ին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով: Նրա կինը՝ երգչուհի Յուլիա Պրոսկուրյակովան, Instagram-ում խնդրել է չանհանգստացնել ո՛չ իր ամուսնուն և ո՛չ էլ իրեն։
Ըստ հաղորդման՝ Ալլա Կրուտոյի ծննդյան միջոցառմանը ներկա են գտնվել երգիչ Նիկոլայ Բասկովը, երգիչ Ալեքսանդր Սերովը, երգչուհի Իրինա Ալեգրովան, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և այլք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Լեշչենկոյի բժշկի խոսքով՝ վերջինս դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ արտիստը վարակված է կորոնավիրուսով։
Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,- գրել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
0Comments