ԱՄՆ-ում կորոնավիրուսից ապաքինվածներից պլազմա են հավաքում՝ վարակվածներին բուժելու համար. Time.com

Ենթադրվում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին դոնորական պլազմա կփոխներարկվի, այդպիսով դոնորի հակամարմինները կօգնեն օրգանիզմը վիրուսներից ավելի արագ «մաքրել»

New York Blood Center (NYBC)-ում սկսել են պլազմա հավաքել COVID-19 կորոնավիրուսը հաղթահարածներից, քանի որ դրա մեջ հակամարմիններ են պարունակվում, որոնք հնարավոր կլինի օգտագործել այլ պացիենտների բուժման համար, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Time.com-ը:

Ենթադրվում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին դոնորական պլազմա կփոխներարկվի, այդպիսով դոնորի հակամարմինները կօգնեն օրգանիզմը վիրուսներից ավելի արագ «մաքրել»: Որոշ մասնագետներ վստահ են, որ այսպիսի բուժումը կօգնի փրկել մեծ թվով ծանր հիվանդների կյանքը՝ թեկուզ հիմա, երբ դեռեւս չկան ո՛չ պատվաստանյութեր, ո՛չ ապացուցված արդյունավետությամբ դեղեր:

Պլազմայի փոխներարկումը որոշ հիվանդությունների բուժման բավականին արդյունավետ մեթոդ է, կարծիք կա, որ այն կարող է արդյունավետ լինել նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում: Միակ խնդիրն այն է, որ այս պահին ինֆեկցիայից բուժված մարդիկ քիչ են, եւ անհրաժեշտ քանակությամբ պլազմա հավաքելը կարող է բավական դժվար լինել:

Վերջերս ԱՄՆ Սննդամթերքի եւ դողորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) հավանություն է տվել պլազմայի օգտագործմամբ բուժմանը:

Պլազմա հանձնել ցանկացող բոլորին առաջարկվում է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով: