Հնդկաստանի ոստիկանությունն ավելի քան 3000 մարդ է ձերբակալել կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանված մեկուսացման ռեժիմը խախտելու համար, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը՝ հնդկական լրատվամիջոցներին հղումով:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 25-ից 21 օրով համազգային կարանտինի սահմանման մասին: Իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել առանց ծանրակշիռ պատճառների դուրս չգալ փողոց, սահմանափակել են հասարակական տրանսպորտի, մետրոյի և երկաթուղիների աշխատանքը:
Հնդկաստանի ՆԳՆ-ն վարչապետի դիմումից հետո հայտնել է, որ մեկուսացման կանոնները խախտող ցանկացած մարդ կպատժվի տարերային աղետների դեմ պայքարի մասին օրենքի համաձայն, խախտողներին կարող է սպառնալ մինչև մեկ տարվա ազատազրկում և տուգանք: Չնայած այս նախազգուշացումներին, Հնդկաստանի բնակիչները շարունակում են չենթարկվել իշխանությունների պահանջներին։
Հնդկաստանի Տելանգանա նահանգի ղեկավար Կալվակունտլա Չանդրաշեքարը նույնիսկ կրակի հրաման արձակելու սպառնալիք է հնչեցրել։
«Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ բանը դրան հասնի։ Վարչակազմը չի կարող կանգնեցնել բոլորին։ Ես ստիպված կլինեմ դիմել բանակի օգնությանը կամ արձակել «տեղում կրակելու» հրաման։ Խնդրում եմ մնացեք տանը»,- ասել է նա։
Հնդկաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 649-ի, 13 մարդ մահացել է։
0Comments