Չճշտված և կեղծ տեղեկություններ չհրապարակել. Արցախի տեղեկատվական շտաբի հորդորը՝ քաղաքացիներին

Վերջին օրերին ֆեյսբուքի հայկական տիրույթում նոր կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ տարածում են գտել ապատեղեկատվության որոշակի դրսևորումներ
արցախ

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ չճշտված և կեղծ տեղեկություններ չհրապարակել։ Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը գրառել է․

«Վերջին օրերին ֆեյսբուքի հայկական տիրույթում նոր կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ տարածում են գտել ապատեղեկատվության որոշակի դրսևորումներ:

Այսօր հրապարակային հարցադրումներ են հնչել առ այն, թե արդյո՞ք համապատասխանում են տեղեկություններն այն մասին, որ «ս.թ. մարտի 23-ին՝ մեկ օրվա ընթացքում, Ստեփանակերտի հիվանդանոցում գրանցվե՞լ է արդյոք թոքաբորբով հիվանդ` 60-ն անց տարիք ունեցող 4 քաղաքացու մահ»:

ԱՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ հարցադրման մեջ հնչող ցուցանիշները որևէ կապ չունեն իրականության հետ: Մարտի 23-ին հիվանդանոցում մահվան ելքով մի դեպք է գրանցվել՝ «գլխուղեղի մետաստատիկ քաղցկեղ» ախտորոշմամբ:

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հավաստի և ճշգրիտ տեղեկություններին կարող եք տեղեկանալ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի տարածած պաշտոնական հաղորդագրություններից»: