Կորոնավիրուսային ճգնաժամը «որոշ ղեկավարների ու լրատվամիջոցների ստեղծած պատրանքն է». Բրազիլիայի նախագահ

«Մարդիկ շատ շուտով կհասկանան, որ խաբվել են այդ ղեկավարների և զանգվածային լրատվամիջոցների զգալի մասի կողմից». Ժաիր Բոլսոնարու

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն իր քաղաքական հակառակորդներին և մամուլին մեղադրել է քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգի վերաբերյալ «խաբելու» և խուճապ առաջացնելու համար, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian-ը։

Համավարակն ամբողջ աշխարհում շուրջ 15 հազար կյանք է խլել, շատ կառավարություններ փակել են իրենց երկրների սահմանները՝ կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մեղմելու նպատակով, սակայն Բոլսոնարուն դեռևս զերծ է մնացել նման «արմատական միջոցներ» կիրառելուց և փոխարենը մեղադրում է ԶԼՄ-ներին կորոնավիրուսի վերաբերյալ «հիստերիա» տարածելու համար՝ հիվանդությունն անվանելով «փոքր գրիպ»։

Կիրակի երեկոյան հեռուստատեսային հարցազրույցում Բոլսոնարուն կրկին թերագնահատել է համաճարակի մասշտաբները և «հարձակողական դիրքորոշում գրավել» բոլոր այն ղեկավարների նկատմամբ, որոնք կարանտին են սահմանել և բնակիչներին հորդորել տանը մնալ, գրում է աղբյուրը։

«Մարդիկ շատ շուտով կհասկանան, որ խաբվել են այդ ղեկավարների և զանգվածային լրատվամիջոցների զգալի մասի կողմից»,- հայտարարել է նա։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: