Կարծում եմ՝ ամբողջովին վերահսկում ենք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը. Միշուստին

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում ուսուցողական միջոցառումներ կանցկացվեն արտակարգ իրավիճակների մասին զգուշացման և վերացման ուղղությամբ

Ռուսաստանը վերահսկում է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Կարծում եմ, որ ամբողջովին վերահսկում ենք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, սակայն առավել լուրջ մարտահրավերների պատրաստվելու անհրաժեշտություն կա»,- նշել է Միշուստինը՝ տեղակալների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում ուսուցողական միջոցառումներ կանցկացվեն արտակարգ իրավիճակների մասին զգուշացման և վերացման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջգերատեսչական փոխգործակցությանը։

Стопкоронавирус.рф կայքի տվյալներով՝ այս պահի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 438 դեպք, առողջացել է 17 մարդ։ Երկրում կորոնավիրուսից մահացության որևէ դեպք չի գրանցվել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: