ԱՄՆ այս վարչակազմի օրոք Արցախին այլևս այդպիսի օգնություն չի տրամադրվի․ Սուրեն Սարգսյան

Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության վերացումը կունենա քաղաքական նշանակություն

ԱՄՆ կառավարության կողմից Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության վերացումը և հետևանքները ունենալու են քաղաքական նշանակություն։ Այս հարցում ֆինանսական կոմպոնենտը այդքան կարևոր չէր, որքան քաղաքականը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Սա դարձավ և՛ իրավական, և՛ քաղաքական առումով նախադեպ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ այս վարչակազմի օրոք, եթե քաղաքականություն չփոխվի, առաջնահերթությունները չփոխվեն, ապա Արցախին այլևս ֆինանսական օգնություն չի տրամադրվելու։ Սա ցավալի փաստ է։ Կարծում եմ, պետք է հաշվի առնել, որ այն դառնալու է նաև նախադեպ»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնը» ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։ ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին, առանց ճանաչելու այդ պետության անկախությունը։

Արցախին ֆինանսական աջակցության վերացումը, ըստ Սուրեն Սարգսյանի՝ մի քանի պատճառներով է։ Առաջինը, որ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն չէ այլ պետություններին տրամադրվող օգնությունը։ Ընդհանուր առմամբ, նրա նախագահության տարիներին ԱՄՆ արտաքին օգնությունը շուրջ 40 տոկոսով նվազել է։

«Երկրորդը՝ Ադրբեջանը վերջին տարիներին մշտապես իր թիրախում է պահել այս ծրագրի կրճատումը, որովհետև այն ոչ թե լոկ ֆինանսական էր, այլև ուներ լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն։ Միացյալ Նահանգները միակ պետությունն է, որ չճանաչելով Արցախի անկախությունը, ուղիղ ֆինանսական օգնություն է տրամադրել Արցախին։ Խոսքը միայն ականազերծման ծրագրի մասին չէ, Արցախում նաև ֆինանսավորվել է Ստեփանակարետի խմելու ջրի համակարգի կառուցումը»,- հայտնեց միջազգայնագետը։

Նրա խոսքով՝ Վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունները և Վաշինգտոնում գտնվող Արցախի ներկայացուցչությունը ակտիվ աշխատանքներ են տարել, սակայն չի հաջողվել Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։

«Մենք վերջին ամիսների ընթացքում պարբերաբար հանրությանը և իշխանություններին ներկայացրել ենք, թե ինչ ակտիվությամբ և ինչ ֆինանսական միջոցներ է ծախսում Ադրբեջանը Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդում, որպեսզի, այսպես ասած, այս ծրագրի դեմն առնի։ Հենց անվտանգության խորհուրդն է մեծ հաշվով որոշում կայացնողը այս ծրագրի ֆինանսավորման հարցում»,- ասաց «Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավարը։

Ինչ վերաբերում է նախորդ տարի ԱՄՆ կողմից Արցախին տրամդրված ֆինանսական օգնության չափին, Սուրեն Սարգսյանը հայտնեց․ «Այս ծրագիրը մի քանի տարվա ընթացքում ֆինանսավորվել է և տարբեր տարիների ընթացքում կազմել է մինչև 1-1․5 մլն դոլար։ Ծրագիրն իրականացվում էր բրիտանական Halo trust կազմակերպության միջոցով, որն ունի իր գրասենյակը Վաշինգտոնում։

Ֆինանսավորումը տրվում էր կազմակերպությանը, որն Արցախում իրականացնում էր ականազերծման աշխատանքներ։ Հիմա թե որքան գումար էր տրվում կազմակերպությանը, տարբերվում է, թե ինչ ծավալ էր գալիս Արցախ և կոնկրետ այս ծրագրի իրականացման համար։ Բայց նորից եմ ասում, այստեղ ֆինանսական կոմպոնենտն այդքան կարևոր չէր, որքան կարևոր էր քաղաքական նշանակությունը»։