Կորոնավիրուսն արհեստակա՞ն է մշակվել, թե՞ բնական էվոլյուցիայի արդյունք է

Նոր կորոնավիրուսի հիմքը զգալիորեն տարբերվում է արդեն իսկ հայտնի մարդկանց վարակող կորոնավիրուսներից

Չինաստանի Ուհան քաղաքում 2019-ի վերջին հայտնված նոր կորոնավիրուսը, որը պանդեմիայի պատճառ է դարձել ամբողջ աշխարհում, իրականում առաջացել է բնական էվոլյուցիայի արդյունքում: Նման եզրակացության են հանգել Սկրիպսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները:

MedicalXpress կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գիտնականները վերլուծել են վիրուսի գենոմը` դրա իրական ծագումը բացահայտելու համար: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել սպիտակուցները կոդավորող գեներին, որոնք միակցումներ են ձեւավորում, որոնք, իրենց հերթին, վիրուսին թույլ են տալիս միանալ բջիջին եւ ներթափանցել դրա մեջ: Գիտնականները կենտրոնացել են 2 կարեւոր առանձնահատկության վրա` RBD դոմենը կապող ընկալիչի եւ ճեղքվածքի տեղի, որը թույլ է տալիս վիրուսին ներխուժել բջիջի մեջ:

Կորոնավիրուսի հայտնի շտամների գենոմների հաջորդականության տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ COVID-19 հիվանդությունն առաջացնող SARS-CoV-2 վիրուսը առաջացել է բնական գործընթացների արդյունքում:

Ինչպես պարզվել է, RBD-ն էվոլյուցիայի է ենթարկվել` ACE2 բջջային ընկալիչի հետ արդյունավետ փոխազդելու համար: Ըստ գիտնականների` այս դոմենն այնքան արդյունավետ է մարդկային բջիջներին կապվելու համար, որ այսօր պարզապես հնարավոր չէ նման բան ստեղծել արհեստական եղանակով:

Բացի այդ, գիտնականները նշել են, որ եթե նոր կորոնավիրուսն արհեստական եղանակով ստեղծված լիներ, ապա կօգտագործվեր այն վիրուսը, որն արդեն հայտնի է նրանով, որ հիվանդություն է առաջացնում: Սակայն նոր կորոնավիրուսի հիմքը զգալիորեն տարբերվում է արդեն իսկ հայտնի մարդկանց վարակող կորոնավիրուսներից: