«Մեջքից խփեց մեզ». Արթուր Դավթյանը՝ ԱԱԾ դատախազի կաշառքի գործով բացահայտման մասին

Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ․ «Ժողովուրդ»

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեջքից հարված է եղել Ազգային անվտանգության ծառայության կողմից արված բացահայտումը՝ դատախազի կաշառքի գործով: Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Դավթյանն այդ նիստում անդրադարձել է 2019 թվականի՝ Գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով ԱԱԾ բացահայտմանը: Նա հայտարարել է, որ այդ դեպքը մեջքից հարված էր իրենց: «Մեջքից խփեց մեզ», – ասել է նա նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Լևոն Կարապետյանի շուրջ բացահայտմանը:

Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադևոսյանից 2019 թ. հունիս ամսին ստացել է 1.300 դոլար կաշառք:

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազը անդրադարձել է նաև այս տարվա ընթացքում բանակում ինքնասպանության դեպքերին և դատախազներին հասկացրել, որ մինչև ինքը չգնաց Արցախ, դատախազները չսկսեցին աշխատել, և հարց է բարձրաձայնել՝ ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Այս ամենը դատախազները գլուխները կախ լսել են:

Հավելենք, որ նիստի ընթացքում ամփոփվել են 2019 թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Եվ, օրինակ, առկա տվյալների համաձայն՝ 2019 թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք: Սակայն կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը, հատկապես՝ բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։