Սոլեյմանիի սպանության համար պատասխանը դեռևս ավարտված չէ. Իրանի նախագահ

Հրթիռակոծվել է ԱՄՆ-ի Իրաքում տեղակայված Թաջի ռազմակայանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին պատասխանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, սակայն այդ ամենով պատասխանը դեռևս ավարտված չէ: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Իրանի նախագահի խոսքերը հնչել են Իրաքում տեղակայված Թաջի ռազմակայանի հրթիռակոծման ֆոնին, որի հետևանքով մահացել  և վիրավորվել է ԱՄՆ-ի մի քանի զինծառայող:

Վաշինգտոնում  հրթիռակոծման պատասխանատվությունը դրել են իրանամետ շիական խմբավորումների վրա: Իրանը նշել է, որ իր նկատմամբ մեղադրանքներն անհիմն են:

«Ամերիկացիները սպանել են մեր փառավոր գեներալին, մենք դա անպատասխան չենք թողել և երբեք չենք թողնի»,-ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն երբեք չի մոռանա Իրանի կողմից Իրաքում տեղակայված ռազմակայանի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածը, «քանի որ նրանք առաջին անգամ վճռորոշ և արագ հարված ստացան իրենց կատարած բարբարոսական սխալի համար»:

«Նրանք կարծում էին, որ կարող են կոտրել մեր ժողովրդի դիմադրությունը, քանի որ սպանել են այդ դիմադրության ղեկավարին, բայց ստացվեց հակառակը` դիմադրությունը էլ ավելի ամրացավ»,-ավելացրել է Ռոհանին: