ՄԻՋԻՆՔ
Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս տարի Միջինքը մարտի 18-ին է: Նշենք, որ այս արարողությունը եկեղեցական նշանակություն չունի:
ՄԻՋԻՆՔԻ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ
Միջինքի ամենավառ և մինչ օրս պահպանված խորհրդանիշը #գաթան է:
Միջինքի գաթան պատրաստել են ձեթով, ալյուրով, շաքարավազով, մեղրով և զարդարել ընկույզով ու չամիչով: Այն հիմնականում եղել է կլոր: Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով: Գաթան հիմնականում թխել են հասակավոր կանայք, տանտիկինները, իսկ կտրել է տան մեծը՝ ադեն կամ ափոն (տատը կամ պապը): Այս շատ սպասված արարողությունը տարբեր վայրերում կատարվել է չորեքշաբթից մինչև կիրակի՝ որևէ օր:
Գուշակության համար մեջը դրվել է ուլունք, մատանի, արծաթյա դրամ, կորիզ, փայտի կտոր և այլն: Միջինքի գաթան բաժանել են ընտանիքի անդամների թվով: Ջուղայում հավատացել են, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ նշանը դեմ առնի դանակին, ապա ապրուստը պետք էր սպասել հողից: Եղել է նաև հակառակ պատկերացումը, ըստ որի նշանը դանակի տակ ընկնելու դեպքում դովլաթը պատկանել է ընտանիքի բոլոր անդամներին: Ում բաժնի միջից նշանը դուրս է եկել, ասել են, որ այդ տարի ընտանքի հաջողությունը, բարեկեցությունը նրա հետ է կապված, տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կամ տարվա հաջողակը նա կլինի: Միճնապլիթից դուրս եկածը գտնողին է մնացել: Համբուրել են, դրել գրպանը, իսկ եթե դրամ է եղել, գցել են գանձանակը, որովհետև այս վիճակահանության մեջ «տան բախտն է»:
Բացի գաթայից, Միջինքի օրը փոքրերի համար աշխատանքային գործիքների և տան կահ-կարասու տեսքով հացեր են թխել: Դրանք ուռչելու դեպքում հավատացել են, որ հողը բերքատու,կաթի առատ, մառանները շեն կլինեն: Խմորից հոր կոչվող գնդեր են պատրաստել, մեկին՝ ցորեն, մյուսին՝ աճար, մյուսին՝ գարի կպցրել, որպեսզի ամեն տեսակի բերք ունենան:
Միջինքին պատրաստել են նաև այլ կերակուրներ՝ սիսեռով և թահինով կլոր քյուֆթա (գոճա քէօֆթէ), որը մատուցել են չամչով և չորա¬մրգերով պատրաստված խոշապի հետ, աղցուց քլուր՝ աղուհացի քուֆթայ, որն այդ օրվա հատուկ ճաշն է: Կերել են նաև ձեթով խավիծ, հալվա:
qahana.am
0Comments