Փորձել են համացանցով ալկոգելի անվան տակ ոչ արտադրական ապրանք վաճառել, վարույթ ենք հարուցել. Գ. Գևորգյան

ՏՄՊՊՀ-ն ՊԵԿ-ից ամենօրյա ռեժիմով ստանում է տեղեկատվություն ՀԴՄ-ների փաստացի գնումների հետ կապված
 Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ-ում ստեղծված է շուրջօրյա աշխատող մշտական խումբ երկու հիմնական հարց լուծելու համար՝ գների և պաշարների մոնիթորինգի, ընդ որում, ամբողջ հանրապետության տարածքում: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը
Գների մոնիթորինգը, նրա խոսքով, ներկայացվում է հետևյալ կերպ՝ ՏՄՊՊՀ-ն ՊԵԿ-ից ամենօրյա ռեժիմով ստանում է տեղեկատվություն ՀԴՄ-ների փաստացի գնումների հետ կապված, տնտեսվարողներից ստանում է իրենց տվյալները, թե ով ինչքանով է վաճառում:

Նա ընդգծեց, որ ՏՄՊՊՀ-ն տիրապետում է գների առումով շուկայում տիրող իրավիճակին: «Նաև մոնիթորինգ ենք անելու մարզերում փոքր տնտեսվարող սուբյեկտների մոտ ևս, հարաբերական առումով փոքր: Խնդիր չկա ամբողջ հանրապետությունում տոտալ գների վերահսկողություն իրականացնելու: Մարզպետարանների մեր գործընկերները կօժանդակեն: Ամենայն հավանականությամբ, մենք որոշում կկայացնենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին տալ զգուշացում, այս իրավիճակում հետագա խախտումները գնահատելիս հաշվի կառնենք նաև ծանրացնող հանգամանքները և կհորդորենք մեր տնտեսվարող սուբյեկներին պատշաճ վարքագիծ դրսևորել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պաշարներին, Գեղամյանը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտների պահեստներում առկա են պաշարներ, դրանք ևս մոնիթորինգ են անում շատ հասարակ գործողությամբ՝ օրվա ծավալի սպառում, մնացորդ և արտադրություն կամ ներմուծում: «Այս պահին կարող եմ արձանագրել, որ անհանգստացնող երևույթներ չեն նկատվում, միակ խնդիրը օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է, քանի որ մեկ օրվա ընթացքում, մեծածավալ գնումներով պայմանավորված, ընդ որում, երբեմն աբսուրդային քանակի ֆիզիկական գնումներ են կատարվում, այդ պահին պետք է պահեստներից կարողանանք տեղափոխել: Սուպերմարկետներում աշխատողները ֆիզիկապես պետք է կարողանան այդ ամենը հասցնել տեղ: Հայատանում ալյուրի, ցորենի շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման այլ ապրանքների խնդիր չկա»,- ասաց նա:
Գևորգյանը տեղեկացրեց, որ 44 անուն ապրանք են մոնիթորինգի ենթարկում, ամենաշատը գնվել է նպարեղեն, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, պահեստներում ևս կան: Նա հորդորեց քաղաքացներին գնումներ կատարել խելամիտ սահմաններում:

«Իհարկե հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալու երևույթից, բայց հավաքվել խանութներում, հերթեր կուտակելն ավելի մեծ խնդիր է, քան մեկ երկու կտորով կատարել գնումները: Եվ գնումներ կատարելիս հաշվի առեք, որ ապրանքներն ունեն ժամկետներ: 4 արկղ ձու են գնում, մենք դրա փաստերն ունենք, իսկ դա իմաստ չունի, ձուն ունի ժամկետ, բացի այդ, ձվի պահով ՀՀ-ում կա պրոֆիցիտ՝ ավելցուկ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գներին, Գեղամյանը նշեց, որ վերջերս ամենաշատը խոսվում է սպիրտի գնի բարձրացման մասին: «ՀՀ-ում Հարկային օրենսգրքով սահմանվում է, որ 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով նվազագույն վաճառքի գինը չի կարող պակաս լինել 6000 դրամից՝ ներառյալ ԱԱՀ-ն և ակցիազյաին հարկը, և այդ օրենքն ուժի մեջ է հունվարի մեկից և որևէ կապ չունի կորանավիրուսի պանդեմիայի և որևէ այլ բանի հետ, դա ԵԱՏՄ պարտավորությունն է եղել: Ալյուրի գինը ևս չի բարձրացել, որոշակի ապրանքների թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արտարժույթի փոփոխման, նաև ռուբլու կուրսի նվազման հետ, բայց դա էլ ենք հսկողության տակ պահում: Ինչ մնում է մարզերի թանկացումներին, ապա մարզպետարաններում մոնիթորինգ ենք անում, որ հասկանանք իրավիճակը, մենք չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարողներ, որոնք գները կբարձրացնեն, բայց մենք վերահսկում ենք խոշորնրին, որոնք ապահովում են հանրապետության սպառման ծավալի գերակշիռ մասը»,- ասաց նա:

Նա զգուշացրեց, որ բոլոր խախտումների վերաբերյալ գործերի նյութերը հավաքվում են և անխուսափելի պատասխանատվության են ենթարկվելու. «Թող տպավորություն չստեղծվի, որ զբաղված ենք և նյութեր չենք հավաքագրում, բոլոր նյութերը հավաքագրում ենք և դրա վառ օրինակն այն է, որ այսօր արդեն երկու վարույթ ենք հարուցել՝ կապված ալկոգելերի հետ, որովհետև որոշակի անձինք փորձել էին ինտերնետով ալկոգելի անվան տակ վաճառել ոչ արտադրական ապրանք, այն էլ բարձր գնով: Իսկ նրանք,ղ ովքեր տնտեսվարող սուբյեկտ չեն լինի և կփորձեն վաճառել, դրանք փոխանցվում են ՊԵԿ-ին և համապատասխան գործողություններ են կատարվում: Հորդորում ենք դրսևորել սոցիալական պատասխանատվություն: Ալկոգել արտադրող երեք խոշոր ընկերույթունների հետ կապի մեջ ենք և հայտարարում եմ՝ որևէ դրամ իրենց կողմից չի բարձրացվել: ՀՀ-ում ախտահանիչ նյութերի, սպիրտի պաշարը բավարար է, և չի բարձրացվել դրանց գինը: Խոշոր ցանցերում ալկոգելը չի թանկացել, երեք ամիս առաջ էլ է նույն գինը եղել, հիմա էլ է նույն գինը, ուղղակի երեք ամիս առաջ մարդիկ դա չեն օգտագործել և չեն հիշում գինը»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է դիմակներին, նա ասաց, որ դիմակների գնի բարձրացում կա, և դա ամբողջ աշխարհում է: «Այս պահին ուրախալի լուր ունենք, Չինաստանի պահեստներից մեզ գնառաջարկներ են ուղարկում, և ըստ անհրաժեշտության՝ գնումներ ենք իրականցնում, երեկվա դրությամբ արդեն 84 դրամով մեծածախի առաջարկ կար, այսինքն՝ գինն իջնում է: Ոչ պարենային ապրանքների մասով՝ օճառ, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, ընդհանարպես անհանգստոթյուն չունենք, Հայաստանոմ արտադրանք ունենք և անհանգստացնող որևէ բան չենք տեսնում»,- ասաց նա: