Ալկոգելը մի քանի անգամ թանկացել է, դեղատնրի մեծ մասում հնարավոր չէ բժշկական դիմակներ գտնել

Եթե նախկինում 30-50 դրամ արժեր միաշերտ բժշկական դիմակը, ապա այսօր գինը տատանվում է 250-300 դրամի սահմաններում, այն էլ դեղատներում ստացված խմբաքանակը միանգամից սպառվում է
դեղատուն

Կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված մեր երկրում շարունակում է մի շարք ապրանքների դեֆիցիտը: Երկրում առկա է հատկապես պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցների դեֆիցիտ: Այսօր դեղատնրի մեծ մասում հնարավոր չէ գտնել բժշկական դիմակներ և ալկոգել: Եթե նախկինում 30-50 դրամ արժեր միաշերտ բժշկական դիմակը, ապա այսօր գինը տատանվում է 250-300 դրամի սահմաններում: Այն էլ դեղատներում ստացված խմբաքանակը միանգամից սպառվում է: 

Ալկոգելը ևս մի քանի անգամ թանկացել է, սակայն այն ևս մեծ դժվարությամբ կարելի է գտնել դեղատներից և տնտեսական խանութներից:

Քաղաքացիները ալկոգելի անօգուտ փնտրտուքների արդյունքում այն փոխարինելու համար սկսել են մեծ քանակությամբ սպիրտ գնել: Դեղատներում ամենապահանջված ապրանքների մեջ է հայտնվել բժշկական սպիրտը, իսկ սուպերմարկետներում 96.6 տոկոսանոց սպիրտը:

Սակայն այս օրերին որոշ տեղական արտադրողներ թանկացրել են սպիրտը, նպատակ ունենալով օգտվել այն իրավիճակից, որ խանութներում ալկոգելի սղության կամ իսպառ բացակայության պարագայում քաղաքացիները սպիրտ են գնում և օգտագործում:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ թանկացումները պայմանավորված են բացառապես ՀՀ հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով, ինչը համահունչ է ԵԱՏՄ մեր պարտավորություներին:

1 լիտր սպիրտի գինը (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով ) կազմում է 6000 դրամ:

«Լուս աստղ» սպիրտը այսօր խանութներից հնարավոր է ձեռք բերել 2880 դրամով (500գրամ):