Նիկոլ Փաշինյանը գաղտնի հրամանով անձամբ է սահմանում կոնկրետ պաշտոնյաների պարգևատրման չափը

Անհասկալի է՝ ինչո՞ւ է, օրինակ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի քիչ գումարով պարգևատրվում, քան կորոնավիրուսի տարածման կանխարգելումը ձախողած Արսեն Թորոսյանը կամ մշտապես սկանդալների կենտրոնում հայտվող Արայիկ Հարությունյանը

Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ փոխվել է նախարարների, փոխվարչապետների և կառավարության այլ պաշտոնյաների պարգևատրման կարգը։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարվանից սկսած՝ վարչապետը գաղնի հրամանով ինքն է ամեն ամիս սահմանում կոնկրետ պաշտոնյաների ստանալիք պարգևավճարի չափը։

Օրինակ՝ օրերս փետրվար ամսվա համար 1.500.000 դրամ պարգևավճար են ստացել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Իսկ մյուս նախարարների պարգևավճարը տատանվել է 800.000-1.000.000 դրամի սահմաններում։

«Անհասկալի է՝ ինչո՞ւ է, օրինակ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի քիչ գումարով պարգևատրվում, քան կորոնավիրուսի տարածման կանխարգելումը ձախողած Արսեն Թորոսյանը կամ մշտապես սկանդալների կենտրոնում հայտվող Արայիկ Հարությունյանը։ Ոչ ոք այս հարցի պատասխանը չգիտի, քանի որ պարգևատրվող ցանկը և գումարի չափը Փաշինյանը որոշում է միանձնյա»,- ասաց մեր աղբյուրը։

Ի դեպ, այս ամիս պարգևավճար է ստացել նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը, որին կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց իր հանձնարարականները պատշաճ ու ժամանակին չկատարելու համար։