1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է. Խաժակյանը՝ Մարությանի մասին

Սա կարող է կառավարման ճգնաժամ առաջացնել, ուստի ավագանին պետք է իմանա իր անելիքները

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, առաջիկայում հանդես եմ գալու ուղիղ եթերով՝ ներկայացնելու հակահամաճարակային մի քանի միջոցառում, որոնք անհրաժեշտ է իրականացնել քաղաքային իշխանության կողմից։

Մինչ այդ խնդրում եմ քաղաքապետին ազդանշաններ հաղորդել մեզ և հանրությանը, առ այն, որ նա պատրաստակամ է վերադառնալ արձակուրդից և կատարել քաղաքապետի իր պարտականությունները, որպեսզի կարողանանք համակարգված աշխատանք տանել։

Երեկ Էջմիածնի քաղաքապետն ուղիղ եթերով իր կաբինետից դիմեց քաղաքի բնակիչներին, ինչը գովելի և անհրաժեշտ քայլ էր։ Իսկ այժմ խոսակցություններ են գնում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է և հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները։ Սա կարող է կառավարման ճգնաժամ առաջացնել, ուստի ավագանին պետք է իմանա իր անելիքները»: