Պարգևավճարների հետվերադարձի պահանջ կդրվի

Կառավարությունը, իհարկե, կարող է բողոքարկել, բայց հիմնավորումները թույլ են լինելու

Մարտի 10-ին  ՀՀ Վարչական դատարանը վճռել  է բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։ 

Նշված հարցի շուրջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր պարգևատրումային համակարգի կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» դրոշմագրի ներքո շրջանառված փաստաթղթի առկայությունը։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը վարչապետի աշխատակազմից հարցմամբ խնդրել է տրամադրել նշված փաստաթղթի օրինակը։
Վարչապետի աշխատակազմը մերժել է հայցված տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա որոշումը պարունակում է գաղտնի նշագրում։
«Իրավական ուղի» ՀԿ-ն  հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետի աշխատակազմի՝  հարցմամբ հայցված տեղեկատվության տրամադրումը պարտավորեցնելու պահանջի մասին։

«Հրապարակի» հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ անադամ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ պարգևատրումներն ու պետական ծառայողների աշխատավարձերի տրամադրումը կանոնակարգվում է օրենքով, և օրենքն ունի այն տարամաբանությունը, որ դրանց տրամադրումը լինի թափանցիկ․

«Ի սկզբանե պետական ծառայողների և պաշտոնատար անձանց աշխատավարձերը կարգավորվում են օրենքով, ավելին՝ դրույքաչափերն են սահմանվում օրենքով, և նաև «Հանրային ծառայության մասին օրենքը, որպես խրախուսական միջոց կարգավորում է, թե պարգևատրումները երբ կարող են տրվել, ինչպիսի հատուկ որակների կամ հավելյալ առաջադրանքների դեպքում։ Նաև սահմանում է առավելագույն շեմեր, որոնք չեն կարող գերազանցվել այդ խրախուսական միջոցառումների ընթացքում։ Այսինքն՝ ՀՀ օրենսդրության տրամաբանությունը այնպիսին է, որ աշխատավարձերն ու պարգևատրումները օրենքի կարգավորման առարկա են և պետք է լինեն նաև թափանցիկ ընթացակարգով։ Մենք ունեցանք դեպք, երբ կառավարությունը, շրջանցելով օրենքը և նաև օրենքի կարգավորման ոլորտը յուրացնելով, տվեց ինքնուրույն լուծումներ և գաղտնագրեց այդ որոշումը։ Մեր խնդիրն էր ցույց տալ, որ նմանատիպ որոշումները երբևիցե չեն կարող գաղտնիության ռեժմով ընդունվել, որովհետև մենք հարկատուների գումարների թափանցիկ և արդյունավետ ծախսման հետ գործ ունենք և դրանք օրենքով պետք է կարգավորվեն, այլ ոչ թե կառավարության որոշմամաբ։ Քանի որ որոշումը մեզ չտրամադրվեց գաղտնի լինելու հիմնավորումով, մենք գնացել ենք դատարան, դատարանը մեր պահանաջը հիմնավորված է համարել և բավարարել է։

Սահակյանն ասաց, որ վարչապետի որոշումը ստանալուն պես նաև կսկսեն պարգևավճարների վերադարձի գործընթաց․

« Որոշումը ստանալուն պես բացի այն, որ կhրապարակայնացնենք և բովանդակային մեր մոտեցումները կներկայացնենք, այլև չենք բացառում դրա վիճարկումը` օրենքին հակասող լինելու հիմքով, որի պարագայում այդ ոչ օրինական որոշման հիման վրա տրված պարգևատորւմների հետվերադարձի խնդիրներ կարող են անգամ դրվել։ Մենք այս հարցում ունենալու ենք հետևողականություն, եթե ինչ-որ փուլում ՀՀ դատական ատյաններում չհասնենք մեր նախանշած ցանկալի արդյունքին՝ հարկատուների գումարների նպատակային օգտագործմանը, ապա մենք այդ խնդիրը դրական հանգուցալուծմամաբ անպայման լուծելու ենք միջազգային ատյաններում՝ ՄԻԵԴ-ում։ Այս փոլում մենք հաջողություններ ունենք ազգային մարակարդակում, բայց մենք երկարաժամկետ ենք այս պրոցեսին վերաբերվում, և եթե ինչ-որ մի փուլում դատական համակարգը դիմադրություն ցույց տա՝ պաշտպանելով կառավարության շահերը, ապա մենք այդ խնդիրը լուծելու ենք միջազգային ատյանների  ներգրավմամաբ»։

Սիրանուշ Սահակյանը նաև ասաց, որ կառավարությունը կարող է բողոքարկել դատարանի որոշումը․

«Կառավարությունը, իհարկե, կարող է բողոքարկել, բայց հիմնավորումները թույլ են լինելու, դա բացառապես ժամանակ վատնելու նպատակ կհետապնդի, բայց, ինչևիցե, բողոքարկելու հնարավորություն գոյություն ունի»։

Նյութի աղբյուրը՝hraparak.am