«Նիկոլ Փաշինյանը երբեք չի եղել բոլորի վարչապետը, նա մտադրաբար հանրությանը կիսել է 2 մասի՝ սեւերի եւ սպիտակների, ինչը տեղի է ունեցել դեռեւս հեղաշրջման ժամանակահատվածում եւ հիմա էլ այդ կոնցեպտն է գործում՝ ով մեզ հետ չի, մեր դեմ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին իշխանության կիրառած տեխնոլոգիաներին եւ մասնավորապես, այսպես ասած, «հպարտ քաղաքացու անձնագրերին», որոնք վարչապետը բաժանում է «այո»-ի կողմնակիցներին, ըստ էության, անուղղակիորեն ի ցույց դնելով, որ մյուս քաղաքացիները, որոնք, օրինակ` դեմ են հանրաքվեին կամ առհասարակ, սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտություն չեն տեսնում, «հպարտ» չեն։
«Կարծում եմ, որ շատ արագ կերեւա, թե նա ում վարչապետն է եւ խոսքը շատ փոքր զանգվածի մասին է, ուղղակի այսօր ամպագոռգոռ հայտարարություններ են անում։ Բաժանում է տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանի հետ որոշակի ոչ ինտելեկտուալ մասսա է, իսկ նրա դեմը կանգնած է գիտակից մասսան, որը համբերատար սպասում է, որ նրա բոլոր խաղերն ու պրիմիտիվ թատրոնները՝ կամրջից մարդ փրկել եւ այլն , ավարտվեն»,-ասում է հոգեբանը։
Հոգեբանը խնդրահարույց է համարում նաեւ այն, որ երկրի վարչապետն այս գործին էր լծվել մինչեւ արձակուրդը։ «Աշխատանքից դեռեւս արձակուրդ չգնացած վիճակում նա «Այո»-ի քարոզարշավ էր անում, կարելի է ասել ՝մեր հարկերի մասին։ Ես դեմ եմ «Այո»-ին եւ ընդհանրապես, գտնում եմ, որ այդ հանրաքվեն չպետք է լինի, բայց իմ ու իմ նմանների հաշվին քարոզարշավ էր իրականացվում »,-նշեց հոգեբանը։ Նկատենք, որ մինչեւ պաշտոնապես արձակուրդ ձեւակերպելը վարչապետը սոցցանցային քարոզարշավից բացի, «100 փաստ»-երի հետեւից քաղաքացիների տներն էր այցելում, հարցուփորձ անում քաղաքացիներին ու ձեռքի հետ նաեւ «հպարտ քաղաքացու անձնագիր» բաժանում։
Ըստ հոգեբանի, Հայաստանը շարունակում է ապրել հեղափոխական տրամաբանությամբ, ինչը շատ վտանգավոր է. «Այդ բաժանումը երկրի համար վտանգավոր է եղել առաջին պահից։ Մենք այսօր ունենք հարեւան, որը հարեւանին չի կարողանում այդ հողի վրա, ունենք ազգականներ, որոնք իրար երես չեն ուզում տեսնել եւ հաշվի առնելով, որ մենք ապրում ենք մի երկրում, որ քրոնիկ պատերազմի մեջ է, այդ բաժանումը , կարող ենք ասել Ադրբեջանին է ձեռնտու»։
Միհրդատ Մադաթյանի խոսքով, իշխանությունը հույսը դնում է այն բանի վրա, որ կրիտիկական պահին, երբ երկրին վտանգ սպառնա, բոլորն իրեն կմիանան։
«Այսօր բավականին բարձր աստիճանի է հասել ատելության մթնոլորտը, որը մենք երբեք չենք ունեցել։ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ բան արեց, նա հայ ժողովրդին պառակտեց ու սարքեց իրար ատող ժողովուրդ»,-ահազանգում է հոգեբանը։
Բացի այս հոգեբան Միհրդատ Մադաթյանը վտանգավոր է համարում նաեւ քարոզարշավին անչափահասների ներգրավումը ։ Նրա խոսքով, ոչ հոգեբանորեն, ոչ էլ իրավական առումով դա թույլատրելի չէ։
Աղբյուր` Փաստինֆո
0Comments