Ներվեր չունեն, որ իրենց վրա մի 200 հոգի հարձակվի, ամենավերջին սեռական հայհոյանքներն իրենց տա. Մարուքյան

Եթե այդ թրենդին հետևենք՝ սիրում են, չեն սիրում դւորս կգանք ողջամտության սահամններից

Եթե իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, երբ հայհոյում են մարդկանց, ու կապ չունի՝ ում, դա շատ լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությանը, որ «Մեր գործընկերներին՝ հատկապես ընդդիմադիր, խորհուրդ կտամ ելնել Ֆեյսբուքից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չեն սիրում, այլ նաև իրական քաղաքացիները»:

Մարուքյանն ասաց, որ իրենք ամեն օր փողոցներում են և շփվում են մարդկանց հետ, և իրենց հայհոյող չի եղել:

Թանդիլյանն էլ  իր հերթին նշեց, որ այդ բացատրությունները, որ տալիս են իշխանական գործընկերները, արդարանալու համար են, նրանք փորձում են արդարացնել այն մթնոլորտը, որ հաճախ ստեղծվում է նաև նրանց մասնակցությամբ: «Ես շատ եմ շփվում տարբեր մարդկանց հետ: Մարդիկ իրականում շատ խնդիրներ ու հարցեր ունեն ու ֆեյսբուքյան տիրույթում լռում են, որ ֆեյսբուքում լուտանք չթափվի իրենց վրա իրենց տեսակետը հայտնելու համար: Ես կարծում եմ՝ նման զրույցներից առաջ լավ կլինի մեր իշախանական գործընկերները մտածեն, թե ինչ մթնոլորտ է տիրում երկրում և ինչպես է մեզ մոտ այլակարծությունը, տարբերվող կարծիքը ոչնչացվում, քարկոծվում, ջախջախվում, անհնար, անընդունելի ձևաչափերով»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ իշխանությանը և ընդդիմությանը պետք չէ սիրել և ուղղակի պետք է վստահել կամ չվստահել, աջակցել կամ չաջակցել: «Հիմա մի օր մեկին սիրում են, մյուս օրն էլ չեն սիրի: Մեր տրամաբանության մեջ մարդիկ մի օրում ինչ-որ մարդկանց դարձնում են հերոս և նույն մարդիկ նույն օրում ինչ-որ մարդկանց դարձնում են դավաճան, հետաևաբար, եթե այդ թրենդին հետևենք՝ սիրում են, չեն սիրում դւորս կգանք ողջամտության սահամններից»,- նշեց նա:

Մարուքյանն ընդգծեց, որ այլընտրանքային լուծումներ առաջարկող խոսքը, ընդհանուր հոսքից տարբերվող խոսքն այնքան է քննադատված, որ մարդիկ չեն արտահայտվում այլևս: «Եթե նայեք ֆեյսբուքյան տիրույթը, տպավորություն է, որ միայն իշխանությունն ունի աջակիցներ, բայց բնավ այդպես չէ, ուղղակի մյուսները լուռ կարդում են ու անում հետևություններ, որովհետև ներվեր չունեն, որ իրենց վրա մի 200 հոգի հարձակվի, ամենավերջին սեռական հայհոյանքներն իրենց տա. այդ մարդկանց հոգեկանն ուղղակի խանգարվում է, մարդիկ չեն կարողանում օր ու արև ունենալ դրա պատճառով»,- ասաց նա և հավելեց, որ  դրանով դատել՝ այս մեկին շատ են սիրում, այն մեկին՝ ոչ, շատ սխալ ինդիկատոր է, որովհետև ալտերնատիվ խոսքը ճնշված է նման զանգվածների կողմից ձևավորված մթնոլորոտի արդյունքում: