Ադրբեջանի առողջապահության նախարարի դուստրը Ջիգարխանյանի քավորությամբ քրիստոնյա է դարձել

Հայրենիքում աղջկա այս քայլը միանգամից բնորոշել են որպես հայրենիքի դավաճանություն

Ադրբեջանին բարկացրել է նորությունը այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյայի դուստրը Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով քրիստոնեություն է ընդունել: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ գրում է ադրբեջանական timetv.live կայքը:

Ադրբեջանի Հանրապետության առողջապահության նախարարի դուստր Նարմին Շիրալիևան Ադրբեջանից բացի շատ հայտնի է նաև Ռուսաստանում, երկար ժամանակ աշխատել է որպես հաղորդավար ռուսական «Культура» հեռուստաընկերությունում, իսկ 2013թ. զբաղեցրել է Մոսկվայի շրջանի ղեկավարի մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնը:

Աղջիկը զարմացրել է իր հայրենակիցներին Հայ առաքելական եկեղեցում կնքվելու և քրիստոնյա դառնալու որոշմամբ, իսկ որպես կնքահայր նա ընտրել է լեգենդար հայ դերասան, Խորհրդային միության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին:

Իհարկե հայրենիքում աղջկա այս քայլը միանգամից բնորոշել են որպես հայրենիքի դավաճանություն, Բաքուն արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում է կրոնական ուղղվածություն տալ Ղարաբաղյան հակամարտությանը:

Բացի այդ կրոնը ալիևյան ռեժիմի համար գործիք է հանդիսանում հասնելու շատ գործնական, երբեմն նույնիսկ հանցավոր նպատակների: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Բաքվի քարոզչական մեքենան ողջ ուժով կենտրոնացել է Շիրալիևայի վրա: