Որևէ արտառոց բան չկա․ Մնացականյանը․ Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին

Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքաին պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ անդամ պետությունները

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հիշեցրեց երկու օր առաջ Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին՝ և հարցրեց, արդյո՞ք մեր արտաքին գերատեսչությունը տեղյակ է եղել, որ նման հանդիպում կայանալու է։ Նաև հարցրեց՝ արդյոք տեղյակ եղե՞լ են, թե ինչ են քննարկել Թուրքիայի արտգործնախարարն ու համանախագահները։ Բացի այդ, որո՞նք են մեր քայլերը՝ այս խնդրի պարզաբանման հետ կապված։

Ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանը նախ հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքաին պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ անդամ պետությունները, բոլոր միջազգային կազմակերպությունները, և այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա։

Ապա նշեց, որ իրենք շատ լավ գիտեն այդ պլանի մասին, և շատ լավ գիտեն, թե ինչպես են Մինսկի խմբի համանախագահներն աշխատում։ 

«Եվ այդ առումով այստեղ որևէ արտառոց բան չկա։ Սկսենք նրանից, որ սա առաջին հանդիպումը չի, դրանից առաջ էլ եղել են հանդիպումներ մի շարք այլ երկրների հետ, որևէ մտահոգություն մենք այդ առումով չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին։ Միգուցե մի փոքր տարբերությունը նրանում էր, որ եղավ մեկնաբանություն Թուրքիայի կողմից, և, ի դեպ, եթե շատ անկեղծ լինենք, այդ մեկնաբանության մեջ էլ չկար որևէ բան, որը մենք նախկինում չէինք լսել, և մենք այդ առումով հանդես եկանք մեր հայտարարությամբ՝ ԱԳՆ-ի կողմից»,-ասաց ԱԳ նախարարը՝ հիշեցնելով նաև Հայաստանի մոտեցումն առ այն, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ։