Մեկ բառով կպատասխանեմ․ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը հերքում է «Հրապարակի» տեղեկությունը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության մամուլի պատասխանատուն ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը

«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի` ռուսական իշխանությունները Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած Մասիս Մայիլյանի եւ ՊԲ նախկին հրամանատար, Մասիս Մայիլյանի թեկնածությունն աջակցող Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։

«Հրապարակը» գրել է, որ երեկոյան չի կարողացել ճշտել տեղեկությունը, դրա համար պաշտոնական հարցում է ուղարկել։

Infocom․am-ը փորձեց Արցախի Արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն ստանալ հարցի վերաբերյալ, սակայն լուրը ո'չ հերքեցին, ո'չ հաստատեցին՝ նշելով միայն, որ այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը Infocom․am-ի հարցին՝ այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, այսպես արձագանքեց․ «Ես մեկ բառով կպատասխանեմ․ ապատեղեկատվություն»։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սամվել Բաբայանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը Infocom.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ժամանակը կգա, պաշտոնական հրապարակմամբ հանդես կգան։ Նա նշեց, որ այս պահին Բաբայանը ՌԴ գնալու մտադրություն չունի, բայց անհրաժեշտության դեպքում հաստատ կկարողանա մուտք գործել Ռուսաստան։

Մեր ճշտող հարցին՝  «հաստատ կկարողանա գնալ ՌԴ» պնդումն արդյոք նշանակո՞ւմ է, որ նման արգելք չկա, Դոլուխանյանը պատասխանեց, որ իրենք չեն հետաքրքրվել՝ արգելք կա՞, թե՞ չկա, որովհետեւ այս պահին դա իրենց չի հետաքրքրում, Բաբայանի մուտքը ՌԴ արգելելու որոշման վերաբերյալ էլ պաշտոնական տեղեկություն չի եղել։