ՍԴ 9 դատավորներից առնվազն 3-4-ը լինելու են ընդգծված լևոնտերպետրոսյանականներ. ովքեր են նրանք

«Իմ քայլը» խմբակցության և ընդհանրապես ՔՊ ներսում, մեղմ ասած, միանշանակ չեն վերաբերվում նշված թեկնածուներին, հատկապես Եգորյանին ու Ջհանգիրյանին

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս մինչև հանրաքվեի մասին որոշման ընդունումը «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ իշխանությունները ոչ միայն կենաց-մահու կռիվ են տալու ՍԴ յոթ դատավորներից ազատվելու համար, այլև արդեն իսկ սկսել են ՍԴ ապագա դատավորների թեկնածուների «քասթինգը»:

Հիմա արդեն, երբ իշխանությունները ահռելի ֆինանսական ռեսուրսներ են ներդնում հանրաքվեի համար, սկսել են կոնկրետ մի քանի անուններ շրջանառվել:

Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ակտիվորեն շրջանառվում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, ԱԺ «իմքայլական» պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունները: Եթե գումարենք ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած, ութ ամիս աշխատանքի չգնացած, բայց բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ ստացած Վահե Գրիգորյանին, ապա վերոնշյալ սցենարի դեպքում ՍԴ 9 դատավորներից առնվազն 3-4-ը լինելու են ընդգծված լևոնտերպետրոսյանականներ: Ինչու առնվազն, որովհետև մեր աղբյուրները պնդում են, որ շրջանառվող այլ անունների մեջ ևս նշմարվում են այս թիմի անդամներ:

Սակայն բանն այն է, որ հենց «Իմ քայլը» խմբակցության և ընդհանրապես ՔՊ ներսում, մեղմ ասած, միանշանակ չեն վերաբերվում նշված թեկնածուներին, հատկապես Եգորյանին ու Ջհանգիրյանին:

Նրանք կարծում են, որ Վահե Գրիգորյանին հազիվ են «մարսում», գոնե մյուսները պետք է որքան հնարավոր է ապաքաղաքականացված մասնագետներ լինեն: Իշխանության վերին էշելոններում, սակայն, մեր տեղեկություններով, հանգստացրել են «շարքերին»՝ ասելով, որ դեռ որևէ որոշում չկա, քանի որ նախ՝ հանրաքվեի արդյունքները շատ անորոշ են, հետո՝ եթե նույնիսկ «Այո»-ն հաղթի, վստահելի, հավատարիմ, անվերապահ կատարող մարդիկ են պետք լինելու ՍԴ-ում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում