Ադրբեջանում զգացել են Մյունխենում մեր վարչապետի փաստարկային բազայի թուլությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցավոք, այն կառույցը, որը զբաղվում էր հակահայկական քարոզչության հարցերով, այժմ զբաղվում է ֆեյքաբուծարանով

«Ադրբեջանում հետևում են՝ ինչ է կատարվում Հայաստանի քարոզչական դաշտում՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ, և տեսնում են, որ մարդիկ, որոնք տարիներով քարոզչական քաղաքականություն են մշակել և հաջողությամբ տարել, այժմ դուրս են մղվել ասպարեզից, և գործը կատարում են կա՛մ ավելի երիտասարդ, կա՛մ գործով զբաղվել չցանկանցող անձինք»: «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկմանն այսօր հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը

Նրա խոսքով՝ այս տարի ադրբեջանական քարոզչությունն աննախադեպ է, որովհետև ադրբեջանական կողմն զգացել է Մյունխենում մեր վարչապետի փաստարկային բազայի թուլությունը:

«Եթե այսպիսի տեղեկատվական հարվածներին ժամանակին պատասխան չտրվի, հակահարվածներ չլինեն, նախաձեռնողական քաղաքականություն չլինի, ապա և՛ միջազգային հասարակությունը, որի համար այդ քարոզչությունը տարվում է, և՛ այն շրջանակը, որը քիչ թե շատ ներգրավված է բանակցային պրոցեսի տեղեկատվական ապահովման մեջ, կհամակրի այն կողմին, որն ավելի համոզիչ կներկայացնի իր կողմի ճշմարտությունը»,-ասաց մեդիափորձագետը՝ նշելով, թե օր առաջ պետք է դիմակայել բոլոր սադրանքներին, որոնց դիմում է Ադրբեջանը:

«Ցավոք, այն կառույցը, որը զբաղվում էր հակահայկական քարոզչության հարցերով, այժմ զբաղվում է ֆեյքաբուծարանով: Ժամանակն է, որ այն հարյուր միլիոնավոր դրամները, որ ուղղվում են պարգևավճարների, ուղղվեն արտաքին վտանգները չեզոքացնելուն»,-ասաց նա:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: