Ավարտվեց Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը. դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների կողմից դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Հղում անելով մի շարք օրենսդրական կարգավորումների՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Հակոբյանը միջնորդեց, որ մինչդատական վարույթում քրեական բավարար միջոցներ չեն ձեռնարկել Սերժ Սարգսյանին արդարացնող հանգամանքների քննության համար: 

Հսկող դատախազը նախաքննության խախտումները չի նկատել, ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ է թույլ տվել։ Որպես օրինակ բերեց այն, որ առերեսումից երկու րոպե անց փաստաթուղթը շրջել ու հայտնել է Սերժ Սարգսյանին, որ դա իրեն առաջադրված մեղադրանքն է, որոշման մեջ էլ ժամը նշված չի եղել հասկանալի պատճառներով։

«Այսինքն, Սերժ Սարգսյանին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված է եղել մինչև հարցաքննությունը, մինչ այդ ամեն ինչ որոշված է եղել ու հավանաբար այլ անձի մոտ»,-ասաց պաշտպան Հակոբյանը։ Նա ասաց, որ մեղադրանքը հետևաբար ապօրինի է։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների կողմից դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի սույն թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 15:30-ին:

Որոշումը հրապարակելուց հետո դատարանը քննարկելու է դատական նիստը հետաձգելու հարցը:

Տեսանյութը՝ tert.am-ի