Սերժ Սարգսյանը դիմեց աջակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայր ժամանած Սերժ Սարգսյանը, մինչ դատարանի դահլիճ մուտք գործելը, դիմեց մուտքի մոտ համախմբված իր աջակիցներին: Նախագահը շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և կոչ արեց՝ այս եղանակին չմնալ դրսում և վերադառնալ տուն:

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի ընկերներ, սիրելի աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու: Մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը, խնդրում եմ, որպեսզի իմ երախտագիտությունը տանեք ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել Ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը՝ ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու»,- նշեց նա և հավելեց.

«Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- ասաց նա:

Տեսանյութը՝ tert.am-ի