Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, քննիչը մոռացե՞լ է այդ մասին, Շուշիի օպերացիայի վրա նրա ստորագրությունն է. պաշպան

Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ունի բազմաթիվ պարգևներ և դրանք թվարկելու համար նիստի ժամանակը չի բավարարի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում' դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց Սերժ Սարգյսանի և մյուսների գործով դատավարությունը, որի սկզբին դատավոր Վահե Միսակյանը կողմերից ճշտեց, թե արդյոք կողմերն առարկություն ունեն   լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ: 

Կողմերն առարկություն չհայտնեցին։ Դատարանի որոշմամբ այս և հետագա դատական նիստերը կլուսաբանվեն։ Կողմերն ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեցին։

Դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը։

Ինքնությունների ճշտման ընթացքում՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կենսագրական տվյալները հայտնելուց հետո, Ամրամ Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներից փաստեր են պակասում քրեական գործում. «Ինչու՞ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը 1989թ. ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, արդյո՞ք կարևոր չէ այդ փաստը, և պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի։ Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիայի վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը  մոռացե՞լ է քննիչը, միթե՞ սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա, 1994թ. և զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա կարևոր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, այդ քննիչը մոռացե՞լ է»,-ասաց Մակինյանը և նշեց նաև Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներն ու կոչումները։

Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ունի բազմաթիվ պարգևներ և դրանք թվարկելու համար նիստի ժամանակը չի բավարարի։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ նշվել են այն հանգամանքները, որոնք քրեական գործի համար ունեն կարևոր նշանակություն։

Անդրադառնալով Մակինյանի այն հայտարարությանը, որ քննիչի կողմից կան աղաղակող խախտումներ՝ Մակինյանին ասաց, որ պաշտպանական կողմը ունեցել է դրանք բարձրաձայնելու հնարավորություն։