«Այո»-ի հնարավոր պարտությունը բերելու է նոր պառլամենտական ընտրությունների

Կարող ենք արձանագրել, որ հասարակությունն այլևս մտնում է նախահեղափոխական և հետհեղափոխական միֆերի սնանկացման ժամանակահատված

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պետության քաղաքականությունը, այսպես կոչված «մաքուր էջից սկսելը», ուտոպիա է և վերադարձ դեպի անորոշություն՝ պատճառ դառնալով կերպափոխվել քաոսի: Սա կարող է դառնալ իրողություն, եթե չառաջադրվեն լուրջ կառուցողական և մտածված ծրագրեր երկրի քաղաքական տնտեսական և սոցալական էվոլյուցիայի համար: Այս ամենի հետևանքով, պետությունը չի զարգանում, եթե չասենք դեգրադացվում, իսկ հանրային համերաշխության կենսական նշանակությունն ամուր պետություն ունենալու համար վաղուց անտեսված է և մոռացված: Հատկապես, երբ ընդհանուր բարիքի ստեղծման դոկտրինը փոխարինված է չնախապատրաստված և մոնիպուլացված ժողովրդական զանգվածների այսպես կոչված կարծիքով և կամքով:
Ցավալին այն է, որ հենց դա է ներկայացվում՝ որպես ընդհանուր և միասնական կամքի մարմնավորում: Մինչդեռ իրականում այն հեռու է բոլորի և ընդհանուրի կամքի արտահայտումից և արտահայտում է քաղաքական որոշ միավորների և դերակատարների շահերն ու ձգտումները՝ իբրև բոլորի և ամբողջի:

Մենք կարող ենք արձանագրել, որ հասարակությունը այլևս մտնում է նախահեղափոխական և հետհեղափոխական միֆերի սննկացման ժամանակահատված: Այդ քաղաքական միֆերը կենսունակ էին այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ դրանցում գտնում էին իրենց գործողություննների, հարաբերությունների և ձգտումների ձախողման պատճառները: Սակայն բնավ, այլ բան է, այդ միֆերի ադապտացումն ու տեղայնացումը մերօրյա քաղաքական իրողություններում:

Ներկայիս իշխող քաղաքական ուժը զերծ չէ ավտոկրատիկ որակներից, իսկ այս տիպի համար էական է դառնում ոչ այնքան պետությունը, այլ հենց ինքը, իսկ այդ «ինքը» և «ժողովուրդը» կեղծորեն նույնականացվում են: Իշխող քաղաքական էլիտան թույլ չի տալիս վիճարկել ժողովրդական կամքի արտահայտիչ լինելու իր բացառիկ իրավունքը և առաքելությունը: Իշխանութան հեղափոխական պաթոսն արդեն թուլացած, սակայն շարունակում է դեռ պահպանվել և հայ ժողովրդին բաժանել յուրայինների և թշնամիների՝ դառնալով իրենց սնանկ վարչաքաղաքական դիլետանտիզմի գերիները:

Իշխանության իրական վստահելիության և աջակցման չափման գործիքների արդյունավետությունը շուտով կպարզվի: Հանրության հետ շփման և հետադարձ կապի խողովակներն իշխանությունների մոտ արդեն կիսախցանված են: Դրանք բացելու համար, նրանք չունեն ո՛չ մարդկային, ո՛չ բյուրոկրատական և ո՛չ էլ տեղային քաղաքական ազդեցության գործակալական էֆեկտիվ և գրագետ ռեսուրսներ: Իսկ եղած կադրային ռեսուրսի քաղաքական կենսունակությունը աստղաբաշխական պարգևավճարներով պահելը շուտով ևս իրեն չի արդարացնելու:

Այս իրավիճակում նրանք փորձում են գնալ հանրաքվեի, ինչը այնուամենայնիվ ընտրական գործընթաց է իր ողջ լոբբիստական տրամաբանությամբ: Հետաքրքիր է իշխանությունը հաշվարկել է, որ «Ա՛յո»-ի հնարավոր պարտությունը բերելու է նոր պառլամենտական ընտրությունների հիմնավոր պահանջի: Դա հանգեցնելու է անձնական բարձր լեգիտիմության մակարդակի արագ սպառման, եթե վերոհիշյալ սուբյեկտները արդյունավետ չեն գործում, որի պատճառները բազմաթիվ են և բոլորը տեղավորվում են այս տիպի իշխանության քաղաքական օրգանիկայի մեջ:

Պետական կառավարման համակարգում բացակայում է մասնագիտական ինտելեկտը, ինչի հետևանքով քաղաքական համակարգը բացարձակապես համակարգված չէ: Փորձե՛ք զրուցել քաղծառայողների, պետական համակարգի աշխատողների հետ, որոնք ունեն մասնագիտական տեսլական: Նրանցից շատերի քաղաքական և իրենց գերատեսչությունների իրավիճակային որակումները մեկ բառով կարելի է բնութագրել՝ որպես խորը ստագնացիա:

Երկրի համար առաջնային խնդիրներից է դարձել պրիմիտիվ, անորակ և անտեսլական կառավարումը, որը իշխանությունների կողմից կոմպենսացվում է պաթետիկ և էմոցիոնալ ուղենիշների հռչակմամբ: Երբեմն բնականոն և իներցիոն արդյունքների գերարժևորմամբ, որոնք արագ սպառվում են հասարակության կողմից, սակայն իրականում որևէ կերպ չեն բավարարում պահանջները։ Այս իրավիճակում իշխանությունները նորից ստիպված են լինում արագ որևէ կերպ հիմնավոր կամ առավել հաճախ անհիմն օրակարգերի սերիաներ, թեմաներ, իսկ վերջերս նաև թիրախներ և պատճառներ փնտրել իրենց իսկ թերի քաղաքական արդյունքների հիմնավորման համար: Դրա վառ օրինակն է հենց «ՍԴ հանրաքվեն»։

Իրական խնդիրների լուծման անկարողությունն առավել ակնառու է դառնալու շատ շուտով։ Այս խնդիրների ընդգծումը շատ կարևոր է ապագա քաղաքական բովանդակության որակի ստեղծման առումով։ Մինչդեռ մեր քաղաքական մտքի և պետության մոդեռնիզացիայի համար շատ կարևոր փորձագիտական և մասնագիտական հորդորները ուղղակիորեն խլացվում են իշխանությունների կողմից: Իհարկե, հարմար է հասարակությանը պահել «նախկին իշխանություններին ամեն ինչի մեջ մեղսագրման և վատաբանման ռեժիմի մեջ»՝ դրանից անընդհատ քաղելով քաղաքական դիվիդենտ: Այդ դիվիդենտի շահառուն, սակայն միայն գործող իշխանությունն է, այլ ոչ թե պետությունը: Այն իրականում կարք ունի լուրջ և այս պահին գոնե կարճաժամկետ և միջնաժամկետ զարգացման քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգային կոնցեպցիաների, ինչպես նաև դրանց արագ և պրոդուկտիվ իրականացման»: