Ադրբեջանը որոշել է չփակել սահմանային անցակետերն Իրանի հետ

Իրանական կողմից սահմանը հատող անձինք ստուգման հատուկ գործընթաց են անցնում

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն կորոնավիրուսի պատճառով ուժեղացրել է հսկողությունն Իրանի հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Կոմիտեից տեղեկացրել են, որ «անցակետերը փակ չեն, բայց այնտեղ հատուկ հսկողություն է սահմանվել»:

«Իրանական կողմից սահմանը հատող անձինք ստուգման հատուկ գործընթաց են անցնում` առանց վարչական շենք մտնելու: Նրանց ջերմությունը չափվում է դյուրակիր ջերմաչափերով: Բացի այդ, հերթապահության են ներգրավվել շտապօգնության բրիգադներ, որոնք շուրջօրյա հերթապահություն են իրականացնում սահմանին»,-ասված է կոմիտեի հայտարարության մեջ:

Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, որից 8-ը` մահացու ելքով: